AM
25 Սեպտեմբեր 2014 - 09:26 AMT

Ուկրաինական ճգնաժամը և ԼՂ հակամարտությունը տարբեր խնդիրներ են. ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ

Ուկրաինական ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբեր խնդիրներ են: Այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասսյորը:

«Պաշտոնական Մոսկվան բռնակցել է Ղրիմը Ռուսաստանին, ինչը կատարվել է միջազգային իրավունքի խախտումներով»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵԽԽՎ-ի` Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշումը չի ընդունվում նաև Հայաստանի նկատմամբ, հաղորդում է APA գործակալությունը։

Բրասսյորը նշել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ղրիմը միացել է Ռուսաստանին, բայց դա չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղի իրավիճակն ընդունելի է։

ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սկսվեցին զինված բախումներ: Այդ շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքում հռչակվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ: Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչել ինքնահռչակ հանրապետությունները և հատուկ գործողություն են իրականացնում նրանց կողմնակիցների դեմ:

Սեպտեմբերի 29-ին Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դրա շրջանակում շատ անելիք ունեն` հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները և ադրբեջանական կողմի հոխորտանքները.

« Հագեցած նստաշրջան է և մենք դրա շրջանակում բազմաթիվ խնդիրներ ենք բարձրացնելու ` թե սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցված հայկական եկեղեցու, թե սահմանային վերջին լարվածությունների, թե սահմանին մոլորված ու օգոստոսի 8-ին Ադրբեջանում դաժանաբար սպանված Կարեն Պետրոսյանի խնդիրները: Օրակարգում հրատապ կարգով քննարկումներ են նախատեսված Ուկրաինայի հարցով, ինչպես նաև Եվրոպայում մշակութային արժեքների պահպանման և ընդհանրապես միջմշակութային երկխոսության հարցով: Այս ամենը լայն հնարավորություն է տալիս մեզ հուզող լրջագույն հարցեր բարձրացնելու համար»:

Զոհրաբյանը հավելել է, որ դեռևս հունիսյան նստաշրջանում Ադրբեջանը մի քանի հակահայ նախաձեռնություններով է փորձել հանդես գալ, մի քանի բանաձևերի նախագծեր դրել շրջանառության մեջ` «մեկը մյուսից անհեթեթ».

«Այն ժամանակ մեր պատվիրակությանը հաջողվեց նախագծերի քննարկումը հետաձգել, բայց այժմ արդեն Բյուրոն որոշում է կայացրել Ադրբեջանի նախագծերից մեկը, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղին, ուղարկել քաղաքական հանձնաժողով զեկույց պատրաստելու համար: Իսկ Ադրբեջանի մյուս բանաձևի առաջարկը` պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, Բյուրոն ընդամենը ի գիտություն ուղարկել է մոնիթորինգի հանձնաժողով: Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այո` այստեղ մենք ևս խնդիր տեսնում ենք և մեկ բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն նման որոշում կայացնելով գերազանցում է իր մանդատը ու լիազորությունները.

ԵԽԽՎ-ն չունի հակամարտություններով զբաղվելու մանդատ, այնպես որ հայկական պատվիրակությունը անպայման իր խոսքը կասի, մենք մեր անելիքը գիտենք: Պետք է նշեմ, որ իսկապես որոշակի լուրջ խնդիրներ կան, հաշվի առնելով, որ արդեն իսկ մեր ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որ վեհաժողովի 128 պատգամավոր Ադրբեջանի կողմից ամսեկան հսկայական աշխատավարձեր են ստանում և նրանք կյանքի գնով պաշտպանելու են Ադրբեջանի տեսակետն ու շահը: Իհարկե շատ դժվար է նման լոբինգի` նավթի և խավիարի ասեղի վրա նստած լոբիստների դեմ պայքարելը, բայց մենք պետք է փորձենք անել հնարավորը, որպեսզի վեհաժողովը մնա իր մանդատի շրջանակներում և չփորձի զբաղվել խնդիրներով, որոնք գտնվում են բացարձակապես այլ մանդատի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ենթակայության տակ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը, գրում է Panorama.am-ը:

Գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը։ Բյուրոյում բանաձևի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, ով պետք է պատրաստի համապատասխան զեկույց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Զեկույցը, հավանաբար, կքննարկվի ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում:

Ապրիլի 7-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽ վեհաժողովում Ադրբեջանցի պարգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ, որը կապված է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։

Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։ Նախաձեռնությությունը, որի տակ ստորագրել են ԵԽԽՎ 27 պատգամավորներ, ներկայացվել է ապրիլի 1-ին:

Սա առաջին անգամ չէ, որ ադբեջանցիները միջազգային ատյաններում ու նաև ԵԽԽՎ-ում բարձրացնում են Սարսանգի ջրամբարի հարցը։ 2013-ի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ևս բարձրացվել էր Սարսանգի ջրամբարի հարցը, սակայն Բյուրոն, որն իրավունք ունի առաջարկվող նախաձեռնություններին ընթացք տալ, կասեցնել կամ ընդունել որպես ի գիտություն, Ադրբեջանի՝ Սարսանգի վերաբերյալ բանաձևի նախաձեռություն ընդունել էր որպես «Ի գիտություն»։

Սակայն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, որտեղ բավական թեժ էին քննարկումները՝ Ղրիմի հանրաքվեի, ռուս պատվիրակների քվեարկության իրավունքի հարցերի հետ կապված, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության դիրքորոշումներն ամենևին չէին համապատասխանում ԵԽԽՎ մեծամասնության կարծիքին, որտեղ միանշանակորեն պաշտպանվում էր տարածքային ամբողջականությունն ու քննադատվում Ռուսաստանի կողմից Ղրիմի նկատմամբ ռազմական միջամտությունը։

Այս հանգամանքը, կարծես, ևս աննկատ չմնաց ԵԽԽՎ-ում, որն էլ ընթացք տվեց ադրբեջանցիների` մինչ այդ մի քանի անգամ մերժված նախաձեռնություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։

Սարսանգի ջրամբարը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում՝ Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրատարողությունը՝ 560 մլն մ³, օգտակարը՝ 500 մլն մ³, ջրթողքը՝ 900 մ³/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ձմռանը չի սառցակալում։ Կա ձկնաբուծություն։ Շրջակայքն անտառածածկ է։