AM
8 Հունիս 2006 - 10:15 AMT

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն մոտ ապագայում

Հայկական կողմը չի պատրաստվում այժմ որեւէ գնահատական տալ Բուխարեստում անցած բանակցություններին եւ հանդիպմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մոտ ապագայում կարող է տեղի ունենալ նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Բուխարեստում կայացած հանդիպմանը, ապա Վ. Օսկանյանը հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այդ հանդիպման նախօրեին, երբ նախագահը հայտարարեց, թե «շատ համեստ ակնկալիքներ ունի բանակցություներից»: «Այդպես էլ ստացվեց: Ինչ վերաբերում է հետագա բանակցություններին, ապա մոտ ապագայում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Ես պետք է նշեմ, որ ցանկացած բանակցություններից հետո թվում է, թե երկխոսության եւ խաղաղարար կարգավորման բոլոր հնարավորությունները սպառված են: Սակայն դա այդպես չէ: Ես պետք է մեկ անգամ եւս շեշտեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասել է արտգործնախարարը:
Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ բանակցային գործընթացն իր տրամաբանությունն ունի: «Այսինքն, ամեն անգամ մի կողմը կարծում է, որ հանդիպելուն պես հնարավոր կլինի որեւէ համաձայնության գալ: Միշտ չէ, որ այնպես է ստացվում, ինչպես ցանկանում են կողմերը: Սակայն դա չի նշանակում, թե պետք է դադարեցնել բանակցային գործընթացը»,-ընդգծել է Վ.Օսկանյանը: