Այսօրվա դրությամբ ղարաբաղյան պատերազմի վերսկսման սպառնալիքը անիրական է: Այդ մասին «Կենտրոն» հայկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ընդ որում, նա նշել է, որ ապագայում իրավիճակը կարող է փոխվել, հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարությունները: Միեւնույն ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ըստ միջազգային ռազմական վերլուծաբանների, Ադրբեջանն այսօր պատրաստ չէ ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը, եւ պատրաստ չի լինի մոտակա 10 տարիներին նույնիսկ նման նավթային հնարավորությունների դեպքում: «Նույնիսկ եթե նա պատրաստ լինի դրան` պատերազմը մնում է պատերազմ: Ադրբեջանը դառը փորձ ունի, քանի որ երկու անգամ փորձել է լուծել խնդիրը ռազմական ճանապարհով: Երրորդ փորձը նրանց վերջնական սխալը կլինի»,-ասել է Վ.Օսկանյանը: «Ես կարծում եմ, որ այդ դեպքում ռազմական լուծում կլինի, սակայն ոչ Ադրբեջանի օգտին»,-հավելել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:





