AM
15 Հունիս 2006 - 10:38 AMT

Վ. Օսկանյան. «Էլմար Մամեդյարովի հետ քննարկումները օգտակար էին»

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նպատակն էր` փորձել լրացուցիչ եզրեր գտնել այն հարցերում, որոնց շուրջ համաձայնության չէին եկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վարդան Օսկանյանը: «Չեմ կարծում, որ դա մեզ հաջողվեց, համենայն դեպս օգտակար քննարկում էր, եւ շարունակություն կլինի», – նշել է նա:

Պատասխանելով երկու երկրների նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորության վերաբերյալ հարցին` Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարեց. «Եթե մի փոքր գոնե մերձեցում չլինի, հանդիպումը ուղղակի իմաստ չի ունենա: Չեմ կարող որեւէ բան կանխորոշել` նախագահները կորոշեն: Բայց նախարարների մակարդակով, կարծում եմ, լրացուցիչ հանդիպումներ կլինեն»: