Նոյեմբերի 11-ին մեկնարկած Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը նախօրեին՝ նոյեմբերի 13-ին, ավարտել է իր աշխատանքը: Նոյեմբերի 11-12-ի նիստերը նվիրվել են սրբադասման կարգի և Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանն առնչվող հարցերին:
Եպիսկոպոսաց ժողովը հաստատել է Հայ եկեղեցու սրբադասման ծիսակարգը և արարողակարգը:
Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվել է կատարել 2015-ի ապրիլի 23-ին՝ Մայր աթոռում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվել է ապրիլի 24-ը, տեղեկացնում են Մայր աթոռի մամուլի դիվանից:
Սրբադասման արարողակարգից և ծիսական կանոնակարգից բացի Եպիսկոպոսաց այս ժողովի օրակարգում էր Սուրբ մկրտության խորհրդի բարեկարգյալ ծիսակարգը:
Ժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության նահատակների ամենամյա հիշատակման ծիսական կանոնը, որը ներառում է շարականի կանոնը և ժամամուտը, ինչպես նաև ցեղասպանության նահատակ սրբերի վկայաբանությունը: Որոշվել է հիշյալ փաստաթղթերը վերջնական լրամշակումից հետո որդեգրել:
Սրբադասման հանձնախմբին հանձնարարական է տրվել նաև ձեռնամուխ լինել անհատական սրբադասման համար անհրաժեշտ ուսումնասիրություններին` նկատի ունենալով Կոմիտաս վարդապետին և այլ անհատներին: Նոյեմբերի 13-ի առաջին նիստին ժողովի մասնակիցներն աղոթել են Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք հայորդու համար և դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները:
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտակայքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանձնարարել են եպիսկոպոսներին եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կատարելզոհված օդաչուների համար: Հանձնարարվել է նաև պետական և միջազգային լիազոր բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ և ռազմատենչ գործողությունները և չեզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը:
Նոյեմբերի 13-ի երրորդ նիստին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա հանգամանալից ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015-ին նախատեսվող պետական ծրագրերը` անդրադառնալով հայ եկեղեցու հետ Հայաստանում և Սփյուռքում համատեղ իրականացվելիք միջոցառումներին: Տեղեկացվել է նաև նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:
Եպիսկոպոսաց ժողովը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում միջազգային հանրությանը` «վճռականորեն շարունակելու Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը», ինչպես նաև Թուրքիայի Հանրապետությանը` ճանաչելու հայ ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանությունը և վերահաստատելու հայ ժողովրդի արդար իրավունքները:
Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը կգումարվի 2016-ին:
Կարդացեք նաև՝ Էջմիածնում մեկնարկել է Եպիսկոպոսաց ժողովը. Նախագահը հանդիպել է Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին





