AM
23 Հունիս 2006 - 09:50 AMT

Ղարաբաղյան հարցով շրջանակային համաձայնագիրը գտնվում է քննարկման փուլում

Ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը քննարկում են շրջանակային համաձայնագրի կետերը, ըստ որի հայկական ռազմական կազմավորումները պետք է «ազատեն Ադրբեջանի տարածքը»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզան: «Տվյալ համաձայնագիրը թույլ կտա բարելավել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ վերականգնել տնտեսական կապերը նրանց միջեւ»,- ասել է Մ. Բրայզան: Տվյալ փաստաթղթում արտացոլվել են խաղաղապահ ուժերի տեղակայման, Ղարաբաղին միջազգային տնտեսական աջակցության տրամադրման եւ բազմաթիվ այլ հարցեր: Վերջին փուլում ենթադրվում է հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Մ. Բրայզան նաեւ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին կոչ են անում ընդունել շրջանակային համաձայնագիր: Նրա խոսքերով, դրա համար «մեծ քաղաքական խիզախություն է պահանջվում»:
Նշենք, որ հունիսի 22-ին Վիեննայում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ կազմակերպության Մշտական խորհրդի անդամների հանիպումը, որի ժամանակ նաեւ ներկայացվել է բանակցային գործընթացի վերաբերյալ զեկույց, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: