Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ստամբուլում հայտարարել է, որ թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունը քննարկման առարկա չէ: «Մեր ժողովրդի համար դա մի բան է, որը եղել է եւ պետք է ճանաչվի: Ցեղասպանության հարցը 90 տարի շարունակ ուսումնասիրվել է գիտնականների կողմից»,֊ – նշել է կաթողիկոսը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը ենթադրում է, որ Գարեգին Երկրորդի այս խոսքերը կբարդացնեն նրա այցի ավարտը եւ կավելացնեն լարվածությունը, որը զգացվում է այցի առաջին օրվանից: Գարեգին Երկրորդը ասել է, որ Ստամբուլում կազմակերպված բողոքի ցույցերը իր վրա չեն ազդել: «Նրանք չեն կոտրել իմ ոգին եւ ազդեցություն չեն ունեցել իմ այցելության վրա: Բայց եթե նման ցույցերը շարունակվեն, դա կապացուցի, որ դեռ շատ բան ունենք անելու, որպեսզի այս երկու հասարակությունները միասին ապրեն», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





