AM
5 Դեկտեմբեր 2014 - 04:55 AMT

ԼՂՀ-ն ցանկանում է միանալ Եվրոպական կրթական տարածքին՝ դառնալով Բոլոնիայի գործընթացի անդամ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտ է ներկայացրել Եվրոպական կրթական տարածքին՝ դառնալու Բոլոնիայի գործընթացի անդամ: Նման հայտ են ներկայացրել նաև Բելառուսն ու Կոսովոն: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկիր է, որը համակարգում է բարձրագույն կրթության բարեփոխումները եվրոպական տարածքում: 2015-ին Հայաստանում տեղի է ունենալու նախարարական համաժողով, որի շրջանակում որոշում կկայացվի, թե էլ որ երկիրը կարող է միանալ Բոլոնիայի գործընթացին:

«Այս հայտերը սահմանված կարգով ներկայացվել են Բոլոնիայի անդամ երկրներին, Բոլոնիայի նախագահությունը քննարկել է դրանք: Հաշվի առնելով այն, որ Բոլոնիայի անդամ դառնալու համար հարկավոր է, որպեսզի պետությունները միանան Եվրոպական խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիային, ինչն արդեն վավերացվել է ԼՂՀ ԱԺ-ի և Կոսովոյի խորհրդարանի կողմից, բայց քանի որ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են մինչև ԵԽ-ն կազմ ընդգրկվելը»,- մանրամասնել է նախարարy Facebook սոցցանցի իր էջում:

Նա նաև տեղեկացրել է, որ Բելառուսի գործընթացը մեկնարկել է, իսկ Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի անդամության խնդիրը առկախվել է:

«Իհարկե կարևոր է, թե ինչպես կավարտվի գործընթացը, բայց նաև կարևոր է, որ վերաբերմունքը ԼՂՀ-ի ու Կոսովոյի հայտերի նկատմամբ լինի միասնական, քանի որ երկուսն էլ ունեն նույն խնդիրը` դեռևս միջազգայնորեն ամբողջությամբ ճանաչված չեն»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ եթե երկու երկրները դառնան Եվրոպայի խորհրդի անդամ, ապա այդ հավանականությունը կհասնի 100%-ի, իսկ եթե չդառնան՝ 0%-ի:

Ադրբեջանի ներկայացուցիչը բողոքել է ԼՂՀ-ի Բոլոնիայի գործընթացին միանալու դեմ, բայց խնդիրը, ըստ նախարարի, քննարկվել է բացառապես իրավական դաշտում, իսկ իրավական դաշտում խնդիրը միայն այն է, որ ԼՂՀ-ն ԵԽ անդամ չէ:

Արմեն Աշոտյանը 2013-ի հուլիսի 24-ին ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ հանդիպմանը բարձրաձայնել էր չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահպանման հարցը:

«Դեռևս 1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Կրթության խտրականության մասին հռչակագիր, և այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահպանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից և միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաև չճանաչված պետությունները: Առաջին գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել և աշխատանքային խումբ ստեղծել»,-նշել է նախարարը: