ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը եւ Ադրբեջանի ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հանդիպել են ԵԽ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի զեկուցող լորդ ՌասելՋոնսթոնի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության վերաբերյալ 1416 բանաձեւի կիրառման հարցով ժամանակավոր հանձնաժողովի այցի ժամկետները Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: ԵԽԽՎ բյուրոն հաստատել է հանձնաժողովի նոր կառուցվածքը, որը դեռեւս գարնանն առաջարկել էր պարոն Թորոսյանը, եւ այժմ բաղկացած է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներից, պատվիրակության անդամ մեկական ընդդիմադիր պատգամավորներից, երկու երկրների վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներից, ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնից, անհայտ կորած անձանց վերաբերյալ տարածաշրջանային զեկույցի հեղինակ Լեո Պլատվոյետից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակին Երեւանում անցկացվելու է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, իսկ նոյեմբերի երկրորդ տասնօրյակին Բաքվում` քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստ, նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ ենթահանձնաժողովի այցը կկազմակերպվի հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:
Ենթահանձնաժողովի այցը կունենա ճանաչողական բնույթ եւ հանդիպումները Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում կծառայեն այդ նպատակին: Ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնն առաջարկեց այցի ընթացքում քննարկել նաեւ խորհրդարանների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ սեմինար անցկացնելու գաղափարը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:





