AM
29 Հունիս 2006 - 12:38 AMT

Ստամբուլում կազմակերպված բողոքի ցույցերը չեն ստվերել Գարեգին Երկրորդի այցը

Ստամբուլում գործում են շուրջ 39 եկեղեցիներ, 17 հայկական դպրոցներ եւ պոլսահայության համայնքային կյանքը հարուստ է եւ բազմազան: Այդ մասին հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը վերադառնալով Ստամբուլ կատարած հովվապետական այցից: «Մենք ուրախությամբ տեսանք Ստամբուլի մեր հայրենակիցներին, ովքեր հարազատ են մնացել ավանդույթներին եւ հայրենիքի նկատմամբ տածած սիրուն եւ հավատքին: Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի 600-ամյա պատմությունը պահպանվում է»,- նշել է հայոց եկեղեցու ղեկավարը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ չի կարծում, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտությունները որեւէ կերպ կարող են փոխել թուրքական իշխանությունների վերաբերմունքը դեպի պոլսահայ համայնքը: «Մենք որեւէ կերպ մեր խոսքերում ատելություն եւ թշնամանք չենք արտահայտել, պարզապես արձանագրել ենք ճշմարտությունը»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա միաժամանակ նշեց, որ կազմակերպված բողոքի ցույցերը, որոնք իշխանությունների կողմից բնութագրվում էին իբրեւ ծայրահեղական խմբավորումների գործողություններ, բնավ չեն ստվերել այցի տպավորությունները, հայտնում է Սուրբ Աթոռ Էջմիածնի մամլո ծառայությունը: