AM
4 Հուլիս 2006 - 13:22 AMT

Մոսկվա. Պետք է անցնել ղարաբաղյան գործընթացի հիմնարար սկզբունքների շուտափույթ համաձայնեցմանը

Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ակտիվորեն աջակցում է ղարաբաղյան խնդրի լուծմանը, սակայն դեմ է խնդրի լուծման դեղատոմսերի պարտադրմանը կողմերին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Մենք դեմ ենք դրսից ինչ-որ լուծումների պարտադրմանը հակամարտության կողմերին, եւ ելնում ենք նրանից, որ վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունը պետք է կրեն ադրբեջանցիներն ու հայերը»,-հաղորդել է Գ.Կարասինը ադրբեջանական «Ռեգիոն+» հանդեսի վերջին համարում հրապարակված հարցազրույցում: Ըստ Գ.Կարասինի, Ռուսաստանը հավանություն կտա խնդրի լուծմանը, եթե այն ձեռնատու լինի հակամարտության բոլոր կողմերի համար: «Մեր կարծիքով, կենսունակ կլինի այնպիսի լուծումը, որը թույլ կտա վերադարձնել կայունությունն ու հանդարտությունը Անդրկովկաս, իսկ հետհակամարտային շրջանում թույլ կտա պահպանել այնտեղ պատմականորեն ձեւավորված ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, չի հանգեցնի նրան, որ տարածաշրջանը դառնա միջազգային քաղաքական եւ ռազմական մրցակցության ասպարեզ»,-ասել է ռուս դիվանագետը: Գ.Կարասինը արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ վերջին տարում Ադրբեջանն ու Հայաստանը էապես առաջ են շարժվել ղարաբաղյան հակամարտության փոխըմբռնելի լուծման որոնման ճանապարհին:

Ընդ որում նա նշել է, որ «թեեւ օրակարգում մնացած հարցերը նույնքան բարդ են, որքան բարդ է ինքը հակամարտությունը, ժամանակն է բանակցություններից անցնել դժվարին որոշումների կայացմանը եւ քաղաքական կամքի դրսեւորմանը, հակամարտության հիմնարար սկզբունքների շուտափույթ համաձայնեցմանը, ինչը տարածաշրջանում ճանապարհ կբացի կայուն խաղաղության համար»: