Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինին եւ ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային: Նրանք երկրի նախագահին տեղեկացրել են մայիսի 3-ին Սոչիում վթարի ենթարկված «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավի աղետի հետաքննության արդյունքների մասին: Ռոբերտ Քոչարյանին ներկայացվեցին Թուլուզ քաղաքում A-320-ի թռիչքի մոդելավորման արդյունքները, այն տեղեկությունների հիման վրա, որոնք մասնագետները վերծանել էին օդանավի «սեւ արկղերից»: Այդ աշխատանքներին մասնակցել են ֆրանսիացի, ռուս եւ հայ մասնագետները: Ներկայում շարունակվում են հետաքննության արդյունքների ամփոփման ուղղությամբ աշխատանքները: Միջպետական ավիացիոն կոմիտեին հանձնարարված է հնարավորինս կարճ ժամկետում ավարտել դրանք եւ հրապարակել վերջնական արդյունքները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հրատապ խնդիրներ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի հսկիչ անցակետի փակմանը, որը տրանսպորտի նախարարը պայմանավորել է շինարարական աշխատանքներով:
Կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային հաղորդակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Իգոր Լեւիտինը նաեւ տեղեկացրել է, որ ռուսական կողմը ներկայում փորձում է հրատապ լուծում տալ «Մարս» ձեռնարկության վերագործարկման խնդրին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:





