Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հուլիսի վերջին կներկայացնի Ա-320-ի կործանման հետաքննության արդյունքները: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՄԱԿ-ի նախագահ Տատյանա Անոդինան: Նրա խոսքերով, վթարի պատճառների հետաքննությունը գտնվում է եզրափակիչ փուլում: Հանձնաժողովն ունի բոլոր անհրաժեշտ տվյալները ավիավթարի պատճառների օբյեկտիվ պարզաբանման համար, հայտարարել է Տ.Անոդինան, հավելելով, որ հետաքննության ընթացքում ՄԱԿ-ի վրա ոչ մի ճնշում չի գործադրվել: «Մեր հիմնական նպատակն է պարզել Ա-320-ի կործանման պատճառները»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան-Սոչի չվերթը, վթարի ենթարկվեց Սեւ ծովում մայիսի լույս 3-ի գիշերը Ադլերի մերձակայքում: Վթարի պատճառով զոհվեցին ինքնաթիռի բոլոր ուղեւորները (105 հոգի` 26 Ռուսաստանի քաղաքացիներ, Ուկրաինայի մեկ, Վրաստանի մեկ քաղաքացի, մյուսները` Հայաստանի քաղաքացիներ) եւ անձնակազմի անդամները (ութ հոգի` երկու օդաչուները, ինժեները եւ հինգ ուղեկցորդները):





