Ազգությամբ թուրք լրագրող Ահմեթ Թուլգարի նախաձեռնությամբ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատվին Բիթլիսում գրադարան է բացվելու: Թուլգարին, հանդիպելով Բիթլիսի համաքաղաքապետ Հուսեյին Օլանին, հայտնել է իր նախաձեռնության մասին և տեղեկացել, որ քաղաքապետարանն այդ նախաձեռնությանը դրական է մոտենում, տեղեկացնում է «Ակօս»-ը։
«Համաքաղաքապետն ասաց, որ Բիթլիսում Սարոյանի ընտանիքին պատկանած մի տուն կա, որը վերանորոգելու են, և գրադարանի համար էլ այդ վայրը կառաջարկեն: Սակայն դրա համար նախ բյուջե է պետք: Մինչև դրա վերակառուցումը՝ մեզ ժամանակավոր այլ տեղ են տրամադրելու»,-ասել է նա:
Սարոյանի անվան գրադարանի ստեղծման համար սկսել են նվիրատվություններ հավաքել: Գրադարանում Սարոյանի գրքերից ու հայ հեղինակների ստեղծագործություններից բացի տեղ են գտնելու նաև այլ գրքեր:
Մարտի 1-ին Թաթվանում «Բիթլիսի հայերը» խորագրով ցուցահանդես էր տեղի ունեցել, որի ընթացքում առաջարկվել էր փողոցը, որտեղ բնակվել էր Սարոյանի ընտանիքը, անվանել գրողի անունով: Բիթլիսի քաղաքապետարանը տվել էր իր համաձայնությունը: Բիթլիսի քաղաքային խորհուրդը օգոստոսին հաստատել է հինգ փողոց վերանվանելու մասին որոշումը: Սարոյանի անունով նախատեսվում է անվանակոչել քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը: Այս թաղամասի շատ տներ դեռ պահպանում են իրենց կառուցման ամսաթիվը հայկական, օսմանյան և արևմտյան համարներով:
«Հայոց ցեղասպանության 100-ամյակին Վիլյամ Սարոյանի անվան գրադարանի բացումը կարևոր է»,-ասել է Թուլգարը:
«Տարբեր լեզուներով Սարոյանի գրքերը, Սարոյանի մասին գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ ենք ուզում գրադարանի համար: Թե՛ նրա, թե՛ նրա ընտանիքի մասին: Եթե գտնենք, Բիթլիսի հայերի մասին գրքերն ու փաստաթղթերն էլ կհարստացնեն մեր գրադարանը: Կցանկանայինք, որ Ցեղասպանությանն առնչվող հատուկ բաժին լիներ, որտեղ մարդիկ կիմանային, թե Բիթլիսում, դրա շրջակայքում ինչեր են տեղի ունեցել»,-ասել է լրագրողը:
Բիթլիսի համաքաղաքապետ Հուսեյին Օլանը կարևորել է գրադարանի բացումը ՝ նշելով,որ վերանորոգվում է այն տունը, որտեղ Սարոյանի ընտանիքն է ապրել, և մտադիր են այն թանգարանի վերածել, գրում է Tert.am-ը:
Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է, գրել պատմվածքներ:
Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աբմողջ աշխարհում»:
Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:





