AM
22 Հուլիս 2006 - 09:59 AMT

Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը խանգարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների փաթեթը կարող է ընդունելի լինել: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, դրան խանգարում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: «ՀՀԿ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին: Այն ընդգրկում է ԼՂՀ միջազգային ճանաչումը, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու անհնար լինելը, ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումը, Հայաստանի հետ ընդհանուր սահմանը»,-ասել է Մարգարյանը: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը պարտադիր պետք է մասնակցի բանակցային գործընթացին: «Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,-ասել է ՀՀԿ նախագահը: