Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, երկարատեւ եւ արդար լուծումը դրականորեն կանդրադառնա Հարավային Կովկասում ինվեստիցիոն մթնոլորտի վրա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ով ավարտում է իր առաքելությունը Երեւանում: Նրա խոսքերով, դրական էր, որ համանախագահները հունիսին հրապարակեցին բանակցային գործընթացի որոշ բաղկացուցիչներ եւ հանրային քննարկումների առիթ ստեղծեցին: «Կողմերից ոչ մեկը չի կարող 100 տոկոսով ունենալ այն, ինչ ուզում է: Կա մի բան, որ չպետք է ցանկանա կողմերից եւ ոչ մեկը. դա հակամարտության վերսկսումն է: Ես գիտեմ, որ համանախագահները միակամ են խաղաղ լուծման հասնելու ցանկության մեջ, լուծման, որ ոչ թե պարտադրված կլինի համանախագահների կողմից, այլ Բավքի եւ Երեւանի միջեւ բանակցությունների արդյունք լինի»,- ընդգծել է Էվանսը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշմանը, Ջոն Էվանսը նշել է, որ երբեք չի քննարկել այդ հարցը այստեղ` Երեւանում: «Իսկ այն, ինչ ասել եմ, գրանցված է եւ հասանելի բոլորի համար ԱՄՆ-ի դեսպանատան կայքէջում: Ինչ վերաբերում է իմ հետկանչին, ապա որեւէ դեսպանի համար հստակ ժամկետ չկա: Ես ինքս եմ ներկայացրել դիվանագիտությունից իմ հեռանալու մասին փաստաթղթերը»,- ասել է նա:
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան ամենայն հավանականությամբ կնաշանակվի Ռիչարդ Հոգլանդը, ով ավելի վաղ գլխավորել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը Տաջիկստանում:





