«Հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն ՎՈՒԱՄ»-ը նորից դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին` խնդրելով 61-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգվող հակամարտությունների եւ միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա դրանց ազդեցության հետեւանքների հարցը:
«ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձվող հակամարտությունները, այսինքն` Մոլդովայում, Վրաստանում եւ Ադրբեջանում, վերջին 15 տարիների ընթացքում բացասական են անդրադառնում ավելի քան 16 մլն. մարդկանց կյանքերի վրա եւ վտանգի են ենթարկում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը` սպառնալով ՄԱԿ-ի երեք անդամ երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է, մասնավորապես ՄԱԿ-ին հղած ուղերձում:
Նրանում նշվում է, որ «նման իրավիճակը հանգեցնում է այդ ինքնիշխան պետությունների նշակալի տարածքների նկատմամբ վերահսկողության կորստին եւ շարունակվող շրջափակումների, ինչը բերում է բազմամիլիոն գաղթականների եւ ստիպված վերաբնակների հոսքի` խոչընդոտելով տարածաշրջանի ժողովուրդների տնտեսական եւ սոցիալան զարգացմանը»:
Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գտնում են, որ այդ հակամարտությունների կարգավորման հարցում միջազգային միջնորդությունը որեւէ արդյունք չտվեց: Այդ պատճառով էլ նրանք առաջարկել են այդ հարցը քննարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է Ուկրաինայի Նորությունների անկախ տեղեկատվական գործակալությունը (ՈՒՆԱՏԳ):
Հիշեցնենք, որ անցյալ տարի ՎՈՒԱՄ-ի առաջարկությունը աջակցություն չստացավ Գլխավոր կոմիտեում, որը Գլխավոր Վեհաժողովին ներկայացնում է օրակարգի հաստատման հանձնարարականները:





