Վանա լճում գտնվող Ախթամար կղզին վտանգված է ճագարների արագ բազմացման պատճառով: Կենդանիների աննախադեպ աճը վտանգավոր է նաև Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու համար:
Ակադեմիկոսներից, բնապահպաններից և տեղական իշխանությունների ներկայացուցիչներից կազմված խումբը վերլուծել է ստեղծված իրավիճակը և զեկույց ներկայացրել` հաստատելով, որ ճագարների թվի աճը վտանգավոր է կղզու համար, Dailysabah-ին հղումով գրում է Panorama.am-ը:
«Մենք որոշեցինք նվազեցնել ճագարների թվաքանակը` հավասարակշռելով էկոհամակարգը: Դիմելու ենք մեխանիկական միջոցների ու թակարդներ ենք տեղադրելու»,-ասել է Վանի համալսարանի պրոֆեսոր Լոկման Ասլանը:
Ճագարներին անմարդաբնակ կղզի էին տեղափոխել մի քանի տարի առաջ: Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում: Այն վերաբացվել է 2007 թվականին:
Կենդանիներին կղզի տեղափոխելու թուրքական կառավարության որոշումը նախադեպ ունի: Դեռ 1908-ին, իշխանության գալով, երիտթուրքերի վարչակազմը որոշում կայացրեց հավաքել Կ.Պոլսի հազարավոր թափառական շներին և տեղափոխել Մարմարայի անմարդաբնակ կղզիներից մեկը, որտեղ բոլոր կենդանիները սատկեցին սովից:





