Independent-ը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում հաստատված սիրիահայերի մասին: Հոդվածում մասնավորապես ասվում է. Հայաստանի մայրաքաղաք Երևանի իր տանը Հովիկ Աշճյանը խոշորացույցի օգնությամբ զգուշորեն ադամանդը տեղադրում է արծաթե մատանու վրա։ Ծնունդով Հալեպից ոսկերիչը Հայաստան է տեղափոխվել այն ժամանակ, երբ բախումները կառավարական զորքի ու զինյալների միջև ակտիվացել էին։
«Ես այստեղ եկա՝ չունենալով ոչինչ։ Մի օր ես տանկեր տեսա մեր տան մոտ, և կնոջս ասացի՝ ավելի լավ է փախչենք»,- պատմում է նա։
Նրանք օդանավակայան են հասել 3 ժամում, չնայած նորմալ ժամանակ ճանապարհը 25 րոպե է տևել։ Նրանք հասցրել են թռչել Հալեպից Երևան եկող վերջին ինքնաթիռով, գրում է բրիտանական Independent թերթն իր անդրադարձում, հայտնում է Tert.am-ը:
Հոդվածի հեղինակը նկարագրում է Արարատ լեռը՝ Երևանի հորիզոնում, ու հիշեցնում, որ քրիստոնյաները հավատում են, որ հենց այնտեղ է հանգրվանել Նոյան տապանը։
Նա նաև նշում է, որ Արարատի անունով ֆուտբոլային թիմ կա, ծխախոտ, կոնյակ… Նշում է նաև, որ լեռն այժմ Թուրքիայի տարածքում է, որի հետ Հայաստանի սահմանը փակ է արդեն մոտ 3 տասնամյակ։
«Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 24-ին, Հայաստանը՝ 3 մլն բնակչություն ունեցող նախկին խորհրդային այս երկիրը՝ Իրանի ու Թուրքիայի հարևանությամբ, նշելու է Օսմանյան կայսրության տարածքում 1915-ին իրականացված կոտորածների 100-րդ տարելիցը։ Հայաստանն ու որոշ այլ երկրներ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած այդ դեպքերը համարում են ցեղասպանություն՝ նշելով, որ 1.5 մլն մարդ է սպանվել։ Թուրքիան ժխտում է դա և վիճարկում սպանվածների թիվը։ Նրանք, ովքեր չեն կոտորվել, քայլել են դեպի անապատները, և վերապրողները համայնքներ են ստեղծել Սիրիայում, Լիբանանում և Միջին Արևելքում»,- գրում է հոդվածագիրը։
Մեկ մլն բնակչություն ունեցող Երևանը հաճախ «վարդագույն քաղաք» են կոչում՝ վարդագույն քարից կառուցված բազմաթիվ շենքերի պատճառով, հավելում է նա։
Հոդվածում խոսվում է նաև սիրիահայ փախստականների դժվարությունների մասին։ «Աշխատանք գտնելը դժվար է մի երկրում, որտեղ գործազրկությունը 21 տոկոս է, իսկ աշխատավարձի չափը՝ 200 ֆունտ։ Խնդիրներ են առաջանում նաև լեզվի հարցում»,- գրում է թերթը։
Անի Բալխյանը Հալեպահայերի հասարակական կազմակերպությունն է գլխավորում։
Նա նշում է, որ հայերն ուրախ էին Սիրիայում։ «Հիմա ամեն ինչ փոխվեց։ Ինչպե՞ս այժմ կարող ես վերադառնալ կամ այնտեղ ուղարկել քո երեխաներին։ Նախկինում մենք երազում էինք, որ մի օր կգնանք մեր հայրենիք՝ Հայաստան, սակայն մենք ստիպված եղանք այստեղ գալ։ Սա երկրորդ ցեղասպանությունն էր մեզ համար»,-ասում է նա։
Սիրիայում նրա տունն ու նրանց ընտանիքին պատկանած տեքստիլ գործարաններն այժմ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում են։
Չնայած դրան՝ փախստականները սկսել են հարմարվել Երևանի մշակութային կյանքին։ Քաղաքի խոհանոցը համալրվել է լահմաջունով, իսկ սրճարանները «պատված» են նարգիլեի ծխով։
Շաբաթ գիշերը ստորգետնյա կոկտեյլ-բարում երգում է Հալեպում ծնված երգչուհի Ռենա Տերխորենյանն ու նրա՝ սիրիահայերից բաղկացած «Շիվեր» խումբը։
Երգչուհին ասում է, որ այս տեղահանությունը հնարավորություն է ինչ-որ նոր բան կառուցելու։ «Սիրիահայերն ու տեղացիներն ինտեգրվելու խնդիր ունեն, բայց սա հնարավորություն էր գալու այստեղ ու ինչ- որ բան անելու այս երկրի համար, որը Հայաստան է կոչվում։ Հարյուր տարի է անցել, և այժմ մենք այլ կերպ մտածելու կարիք ունենք։ Ժամանակն է ինչ-որ բան սկսելու»,-ասում է նա։





