AM
15 Ապրիլ 2015 - 12:25 AMT

Չավուշօղլուն կմեկնի ԱՄՆ՝ կանխելու Օբամայի կողմից «ցեղասպանության» եզրույթի կիրառումը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս շաբաթ մեկնելու է Վաշինգտոն: ԱՄՆ-ում իր պաշտոնակից Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն ջանքեր է գործադրելու, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չասի «ցեղասպանություն», գրում է թուրքական Radikal-ը:

Պարբերականը թուրք պաշտոնյայի այցն ԱՄՆ՝ Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ, կրիտիկական այց է որակում, հայտնում է Tert. am-ը:

Ակնկալվում է, որ Չավուշօղլուն կփորձի կանխել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հռոմի պապի հայտարարության կրկնությունը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», – ասել է Հռոմի պապը:

Թուրքական կողմը մինչ այս կայացած հանդիպումների ընթացքում նշել է, որ Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Չավուշօղլուն Քերիի և Սպիտակ տան միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Սյուզան Ռայսի հետ իրականացվելիք հանդիպումների ընթացքում դարձյալ ընդգծելու է հարցը:

Պարբերականը նաև 3 կետ է առանձնացրել՝ նշելով, թե ինչ տեղի կունենա, եթե Օբաման, ի վերջո, ասի «ցեղասպանություն»:

• ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը որոշող դաշնային կառավարության տեսակետն ամերիկյան դատարաններում ցեղասպանության վերաբերյալ բացված դատավարությունների համար հզոր հենարան կդառնա:

• Թուրքիան կպարտվի ամերիկյան նահանգներում սկսված փոխհատուցման գործերով դատավարություններում, եթե ամերիկյան կառավարության կողմից ցեղասպան համարվի:

• Օբամայի որոշումն այլ երկրների համար օրինակ կլինի, և նույն գործընթացը կսկսվի նաև այլ երկրներում:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք:

Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք էր տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:

Իսկ ապրիլի 13-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Թուրքիա է կանչվել` խորհրդակցության նպատակով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` «դատապարտելով» Պապի հայտարարությունը երեք մեծ ողբեգությունների` «Հայոց ցեղասպանության, նացիզմի և ստալինիզմի մասին»: «Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար,-գրել է Էրդողանը:-Կրոնը չպետք է անհիմն հայտարարությունների համար հիմք ծառայի: Դա հանգեցնում է թշնամանքի և ատելության»: