AM
21 Ապրիլ 2015 - 14:49 AMT

Վաչե Գաբրիելյանը՝ ապօրինի շրջափակման և Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործման մասին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային ֆինանսական կառույցների հետ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձել է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համաշխարհային զարգացումներին և տարբեր միտումներին, մասնավորապես, ցածր միջին եկամուտ ունեցող երկրների ֆինանսական համակարգերի տեսակետից` ներկայացնելով միջազգային ֆինանսական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, մասնավորապես, ենթակառուցվածների ֆինանսավորմանն ուղղված նախագծերի շրջանակներում: Այդ համատեքստում ընդծվել է գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման կարևորությունը, ինչպես նաև շարժունակության և տրանսպորտի զարգացման էական նշանակությունը Հայաստանի համար` հաշվի առնելով վերջինիս կառուցվածքային լուրջ սահմանափակումներն ու դրանցից բխող խնդիրները:

Իր ելույթում փոխվարչապետ Գաբրիելյանը մտահոգություն է հայտնել Հայաստանին ապօրինի շրջափակման ենթարկելու հետևանքով Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ` միևնույն ժամանակ անարդյունավետ համարելով նման վարվելակերպը պատմական փաստերի` Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանության հովանավորման հետ կապելը:

«Զարգացման ետ – 2015 օրակարգի և կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման համատեքստում ներդաշնակ և համակարգված համագործակցություն» խորագրով նիստին մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, Թուրքիայի փոխվարչապետը, Կոլումբիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Եթովպիայի, Թունիսի ֆինանսների և զարգացման նախարարները, ինչպես նաև միջազգային համագործակցության և զարգացման հարցերով ԵՄ հանձնակատարը: Հանդիպմանը հրավիրված էին նաև միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի միջազգային կազմակերպության և Առևտրի և զարգացման ՄԱԿ համաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները: