AM
7 Մայիս 2015 - 14:04 AMT

«Ակոս»-ը՝ հայկական որբանոցը քանդելու մասին. Այս պետությունն այդպես է ստեղծվել ու աշխատում

Ստամբուլում գործող «Ակոս» հայկական շաբաթաթերթի խմբագիր Եդվարդ Տանձիկյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է Թուզլա թաղամասում գտնվող «Արմեն» հայկական ճամբար-որբանոցը քանդելու գործընթացին, հայտնում է Tert.am-ը:

Օրերս հայտնի դարձավ, որ Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգում գտնվող Թուզլա գյուղի «Արմեն» հայկական որբանոցը կանգնած է քանդման վտանգի առջև: «Ակոս»-ի հաղորդմամբ՝ չնայած որբանոցը քանդելուն դեմ ուղղված բոլոր արշավներին՝ շինարարական մեքենաները վաղ առավոտյան գետնին են հավասարեցրել որբանոցի շենքը: «Թուրքիայի հայկական համայնքի՝ պետության կողմից խլված գույքից ամենավառ խորհրդանշական իմաստն ունեցող այս որբանոցը 1915 թվականից տուն է եղել բազում հայ որբերի, այդ թվում` Հրանտ Դինքի ու Ռաքել Դինքի, պատգամավոր Էրոլ Դորանի և 1500 այլ երեխաների համար»,- գրում է «Ակոս»-ը: Որբանոցի տարածքում նախատեսում են կառուցել շքեղ առանձնատներ:

Հոդվածում մասնավորապես ասվում է.

«Հրանտ Դինքն ու Ռաքել Դինքը մեծ ներդրում են ունեցել այստեղ: Մարդիկ, երեխաները բառի բուն իմաստով իրենց ձեռքերով են կառուցել ցեղասպանությունից հետո տարբեր կողմերում ցրված հայերի երեխաների համար օջախ դարձած Թուզլայի ճամբարը, կամ, ինչպես ավելի հայտնի է, «Արմեն» ճամբարը: Սակայն չորեքշաբթի մի առավոտ մեքենաներ մտան և ճամբարի մի հատվածը հողին հավասարեցրին:

Վերը նշվածը գուցե նախաբանի նշանակություն ունի, սակայն 1915-ին ու դրանից հետո այս հողերում տեղի ունեցածի բնութագրությունն է միևնույն ժամանակ:

Ճամբարի կառուցման, Անատոլիայում հայերեն սովորելու հնարավորություն չունեցող, կրոնից ու մշակութային ավանդույթների մեջ ապրելու հնարավորությունից զուրկ երեխաներին հավաքելու, նրանց համար միջավայրի ստեղծմամբ զբաղվող Հրանտ Գյուզելյանին 1979 թվականին բանտարկեցին՝ հայ զինյալներ պատրաստելու մեղադրանքով:

Ճամբարի շինության վերջին տերը երկար ժամանակ է՝ շենքը քանդելու ազդանշաններ էր տալիս: Շատ մարդիկ ճամբարը չքանդելու համար արշավներ կազմակերպեցին, փորձեցին հասարակությանը քայլերի դրդել, բազմաթիվ լուրեր եղան:

Ակնհայտ էր, որ առանձնատներով շրջապատված ճամբարի գլխին մի բան էր գալու: Ո՞վ գիտի, գուցե առևտրի կենտրոն կամ նստավայր…Նոր ժամանակաշրջանին հարմար ինչ-որ բան: Մի ժամանակ այս հողերում հայերի ապրած լինելու փաստը ջնջող, մեր անցյալը, մեր ինքնությունը գողացող ինչ-որ բան:Եվ անշուշտ, օրինական մի բան, որ վերջում ձեռքերը կողմնակի պարզած ասեն՝ «Անելու ոչինչ չկա»:

1915-ին կատարվածի հարյուրամյակի, Հրանտին մեզնից խլելու 8-րդ տարում մեր վերքի վրա աղ լցրին:

Այս հասարակությանը հիշեցրին, որ ինչ-որ բան երբեք չի փոխվել, այլ պարզապես նոր ձևակերպում է ստացել:

Եվ, անշուշտ, հիշեցրին, որ պետությունն ու իրավական համակարգը, անկառավարելի ջրի նման, ամեն անգամ ունեցվածք զավթելու, հանրության ձեռքից ինչ-որ բան խլելու, դեպի իրեն շրջելու ճամփով է գնում:

Այդ բնական ու կործանիչ ընթացքը խաթարելու համար անմարդկային ջանքեր են պետք: Այս պետությունն այսպես է ստեղծվել ու այդպես է աշխատում: Մեր իրական խնդիրը սա չէ՞ արդեն 100 տարի: Եվ արդեն ինչ-որ տեղից ինչ-որ բան սկսելու ժամանակը չէ՞ արդյոք»:

Ուրֆա շրջանի Գերմուշ գյուղում գտնվող հայկական եկեղեցու վիճակն այցելուների զայրույթի պատճառն է դարձել, գրում է Tert.am-ը Hye Tert-ի վրա հղումով։

Ախոռի վերածված եկեղեցու վիճակը տեսած քաղաքացիները հայտարարել են, որ այն վնաս է հասցնում Ուրֆայի զբոսաշրջությանը: Շրջկենտրոնից 10 կմ հեռավորությամբ գտնվող եկեղեցու այցելուները նշել են, որ այն չափազանց կեղտոտ է և կենդանիների թրիքի պատճառով մտնել հնարավոր չէ։

Ո՛չ զբոսաշրջության վարչությունը, ո՛չ քաղաքապետարանը եկեղեցին զբոսաշրջիկների այցելության վայր դարձնելու համար ոչ մի քայլ չեն ձեռնարկում։ Սակայն պատմական եկեղեցին, չնայած անխնամ վիճակին, կարծես հակառակվում է և մինչ այժմ կարողացել է կանգուն մնալ։

2011-ի մարտի 9-ին րագրող, լեզվաբան, գրող ու գործարար Սևան Նիշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից որպես ապօրինի կառույցներ: Նիշանյանը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները չեն կարող իրագործել իրենց որոշումը, քանի դեռ ինքը ողջ է: Նիշանյանն իր շինությունները փոխանցել է Ազիզ Նեսինի հիմնադրամին:

2013-ի հուլիսին Մուշի քաղաքապետարանի ավագանին վավերացրեց հայկական տների քանդման մասին նախագիծը, համաձայն որի դրանց տեղում կառուցվելու են նոր բազմաբնակարան շենքեր:

Պատմական Խարբերդ քաղաքում գտնվող կիսավեր բողոքական հայկական եկեղեցին պատրաստվում են քանդել և տեղում հյուրանող կառուցել: Այն ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում:19-րդ դարավերջին կառուցված եկեղեցին Ցեղասպանությունից հետո առանց տերերի մնացած այլ եկեղեցիների նման երկար ժամանակ օգտագործվել է տարբեր նպատակներով: Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ալյուրի ֆաբրիկա, այնուհետև մատնվել անտերության: Մի որոշ ժամանակ այստեղ է կազմակերպվել շաբաթական տոնավաճառը, այնուհետև օգտագործվել է որպես ոչխարների գոմ: