AM
20 Սեպտեմբեր 2006 - 11:05 AMT

Ամերիկացի գեներալը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պրոֆեսիանոլ պատրաստվածությունը

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ գեներալ Ուիլյամ Ուարդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ եվրոպական հրամանատարության քաղաքական խորհրդական, սոցիոլոգիայի դոկտոր դեսպան տիկին Մարի Յեյթսը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Էնթոնի Գոդֆրեյը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Գեներալ Ուարդը շատ դրական կարծիք հայտնեց Կոսովոյում եւ Իրաքում իր առաքելությունն իրականացնող հայ խաղաղապահների մարտական պատրաստականության, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակության, լեզվի իմացության եւ կազմակերպվածության վերաբերյալ: Քննարկվեցին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին ռազմական ուսուցման բնագավառում համագործակցության վերաբերյալ, շեշտեցին պրոֆեսիոնալ սերժանտական ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը: Անդրադարձ եղավ նաեւ միջազգային կայունացման նախաձեռնություններում Հայաստանի մասնակցությանը, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային զարգացման շուրջ: