Որեւէ մեկը չի կարող մեղադրել Հայաստանին այն համոզմունքի մեջ, որ Ադրբեջանը պատրաստ չէ կամ հետաքրքրված չէ բանակցային գործընթացում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Այնուհանդերձ, մերժելով նախորդ երկու լուծման փոխզիջումային առաջարկները, որոնք ներկայացվել են վերջին 8 տարիների ընթացքում, Ադրբեջանը չի ուզում կրել այսօր սեղանի վրա դրված խաղաղության հաստտման ծրագիրը մերժած լինելու մեղադրանքը: Այս իսկ պատճառով նրանք օգտագործում են հնարավոր բոլոր միջոցները` պետական բռնություններից մինչեւ միջազգային խուսանավում, փորձելու ստիպել, որպեսզի այն մերժվի հայերի կողմից:
Սակայն Հայաստանը հստակ է արտահայտվել. մենք համաձայնել ենք այսօր սեղանի վրա դրված փաստաթղթի յուրաքանչյուր հիմնարար սկզբունքի հետ: Այնուհանդերձ, այս կամ որեւէ այլ փաստաթուղթ կյանքի կոչելու համար Ադրբեջանը չի կարող մտածել կամ ձեւ անել, թե մտածում է, որ դեռեւս ռազմական տարբերակ ունի ձեռքի տակ: Չկա այդպիսի տարբերակ: Ռազմական տարբերակը փորձված ու ձախողված տարբերակ է: Փոխզիջումն ու իրատեսությունն են միակ իրական տարբերակները:
Ճանապարհը, որն ընտրել է Լեռնային Ղարաբաղն իր համար այս երկու տասնամյակների ընթացում, անշրջելի է: Դրանով հաջողվել է ապահովել իր ինքնապաշտպանությունը, իր ինքնակառավարման մեխանիզմն է ստեղծել եւ վերահսկում է իր սահմաններն ու տնտեսությունը: Այս գործընթացին պաշտոնական բնույթ տալը անհրաժեշտ պայման է տարածաշրջանում կայունության հասնելու համար: Անտեսելով այն, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարիների ընթացում, ինչն Ադրբեջանն է անում, եւ նեղացկոտ կերպով պնդելով, որպեսզի իրերը վերադառնան իրենց նախկին հունը, ոչ միայն պարզապես անիրատեսական է, այլեւ անազնիվ:
Լեռնային Ղարաբաղը դատ չէ: Այն վայր է, մի հնադարյան վայր, գեղեցիկ պարտեզ` բնակեցված մարդկանցով, ովքեր վաստակել են խաղաղ ու առանց վախի ապրելու իրավունքը: Մենք ավելին չենք պահանջում: Եվ մենք ոչինչ պակաս չենք ակնկալում»,-ամփոփել է Վարդան Օսկանյանը:





