AM
9 Հունիս 2015 - 09:29 AMT

Քրիստոնյաները կյանքով են վճարում իրենց հավատքի համար. ԵՀԽ Գործադիր կոմիտեի նիստը մեկնարկել է

Հունիսի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առթիվ:

Ժողովականներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և նրա գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվայթին՝ հայ ժողովրդին ու Հայոց եկեղեցուն մշտապես ցուցաբերվող բազմակողմանի աջակցության համար, որ դրսևորվել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրված ջանքերում, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Գարեգին Բ կաթողիկոսը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կարևոր նշանակություն ունի նաև առաջիկայում Ժնևում կայանալիք էկումենիկ գիտաժողովը՝ ԵՀԽ բարձր հովանու ներքո:

«Մեր ժողովրդի և մեր երկրի կյանքում 2015 թվականը նվիրական է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդով: Այս առթիվ Հայաստան այցելեցին կրոնական, պետական ու միջազգային բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում և հոգևոր առաջնորդներ: Մենք խոր մխիթարություն ապրեցինք, երբ Մեր հոգևոր եղբայրները, բարեսեր անհատներ իրենց զորակցությունը բերեցին մեր ժողովրդին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների հիշատակին և արտահայտելով իրենց նվիրվածությունն առանց բռնությունների աշխարհ կերտելու տերունապատվեր առաքելությանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի հանդեպ նման վերաբերմունքը Մենք ընդունում ենք նաև որպես ջանք և վճռականություն՝ պայքարելու մարդկության դեմ գործված ու գործվող ոճիրների, որոնցից շատեր մեր օրերում շարունակում են ուղեկցվել կրոնի և Աստծո անվան շահարկմամբ՝ որպես կրոնական ֆունդամենտալիզմի դրսևորումներ: Շատ քրիստոնյաներ, հատկապես Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և աշխարհի այլ մասերում կյանքով են վճարում իրենց հավատքի համար: Հիշյալ հարցերը կենտրոնական տեղ ունեն մեր առաքելության մեջ», – ասել է Գարեգին Բ-ն: