AM
3 Հոկտեմբեր 2006 - 14:09 AMT

Հայաստանն ու Շվեյցարիան ակտիվացնում են երկկողմանի հարաբերությունները

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Լորենցո Ամբերգը (նստավայրը` Թբիլիսի), հայտնում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին, Հանրապետության նախագահը գոհունակություն է հայտնել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակի առթիվ: Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Դեսպան Ամբերգի խոսքով, Հայաստանի տնտեսության տպավորիչ աճը, քաղաքական կայուն իրավիճակն առաջընթացի եւ զարգացման լավ նախադրյալներ են ստեղծում: Նշելով, որ տնտեսական ոլորտում երկկողմ ցուցանիշները բավականին համեստ են, կողմերն ընդգծել են առավել համակարգված փոխգործակցության անհրաժեշտությունը: Դիվանագետն ասել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ` երկու երկրների հարաբերություններն ավելի խորացնելու, հատկապես տնտեսության բնագավառում ակտիվ համագործակցություն ծավալելու նպատակով:

Այսօր Լորենցո Ամբերգն իր հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում եւ պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացմանը: Նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարեւոր խթան կհանդիսանա Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշըլին Քալմի-Ռեյի ս.թ. հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: