Արցախի Հանրապետության պատվիրակությունը նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում է: Նախագահը հուլիսի 8-ին այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան, որտեղ ելույթ է ունեցել, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և պատասխանել բարձրացված հարցերին:
Նախագահն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ հատուկ վերաբերմունք ունեն՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաև հանդիսանում է ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկը:
Սահակյանի բնութագրմամբ՝ Արցախը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացմամբ, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացմամբ: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և հայ ժողովրդի անկեղծ ու հավատարիմ բարեկամների առկայությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հուլիսի 9-ին ԼՂՀ նախագահը Լոնդոնում հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մեծ Բրիտանիայի կառույցի անդամներին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր: Սահակյանը նաև նշել է, որ Արցախը միշտ զգում է ՀԲԸՄ աջակցությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունն այսուհետ ևս կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:
Նախագահը ելույթ է ունելեցել նաև Լոնդոնի հայտնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House), որտեղ այցելել է հուլիսի 8-ին: Նույն օրը նա նաև հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամներին:
Հուլիսի 7-ին Սահակյանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հանդիպել է Հայ համայնքային խորհրդի անդամների հետ և քննարկել տեղի հայ համայնքի ու Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նույն օրը երկրի ղեկավարը Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում հանդիպել է բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներին:
Հուլիսի 3-ին Բաքուն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի Լոնդոն կատարելիք այցի կապակցությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն էր կանչվել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ում փոխանցել էին, թե Սահակյանի այցը Լոնդոն քայլ է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»:





