Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Ալի Ալքանը, որը 2015-ի փետրվարին հեռացել է պաշտոնից, խոսել է թուրքական դատարանի` «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր ու խմբագիր Հրանտ Դինքին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու որոշման մասին:
Հարցին, թե արդյոք Վճռաբեկ դատարանը սխալ որոշում է կայացրել Դինքին մեղավոր ճանաչելով «թուրքականությունը վիրավորելու» մեջ, Ալքանը նշել է, որ եթե այսօր այդտեղ նմանատիպ հայց լինի, ապա մեղադրվող կողմը կարդարացվի, գրում է Ermenihaber-ը:
Ըստ նրա՝ խոսքի ազատության տեսանկյունից Թուրքիան մեծ առաջընթաց է գրանցել, որի վրա ազդեցություն է ունեցել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): Առանց ՄԻԵԴ-ի ազդեցության թուրքական դատարանն այդ առաջընթացը չէր կարող գրանցել:
Դատարանում Թուրքիայի դեմ կայացված որոշումներից հետո դատական համակարգում գաղափարական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել:
«ՄԻԵԴ-ի ազդեցությունը շատ մեծ է եղել, քանի որ իմ պաշտոնավարման ընթացքում Վճռաբեկ դատարանի բազմաթիվ ներկայացուցիչների ուղարկել ենք ՄԻԵԴ` ուսումնասիրություններ անելու: Եվ այնտեղ գործնականում տեսանք այդ դատարանի մոտեցումը խոսքի ազատությանը և մեր մոտեցումներն էլ հարստացան»,- ասել է Ալքանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Դինքի սպանությունն անուղղակիորեն դաս է եղել Վճռաբեկ դատարանի համար, Ալքանն ասել է, որ այն դաս է եղել Թուրքիայի համար, այդպիսով նաև` դատարանի:
Մեկնաբանելով գործընթացի ժամանակ Դինքի դեմ հանդես եկող աշխատակիցների պաշտոնների բարձրացմանը, այդ թվում Նիհաթ Օմերօղլուի` Օմբուդսմենի պաշտոնում նշանակվելը, երբ այդ կառույցը դատավարության ժամանակ որևէ բան չի արել, Ալքանը նշել է, որ դրանք ղեկավար մարմինների լիազորություններն են և դուրս են իր հայեցողությունից:
2005-ին Շիշլիի քրեական դատարանը թուրքականությունը վիրավորելու և ծաղրելու համար (301-րդ հոդված) Հրանտ Դինքին դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման: 2006-ին Վճռաբեկ դատարանը վերահաստատել էր այդ որոշումը, մինչդեռ ՄԻԵԴ-ը 2010-ին թուրքական դատարանի վճռին հակասող որոշում ընդունեց, ըստ որի, Դինքի արտահայտությունը ոչ թե վիրավորանք էր, այլ խոսքի ազատություն:





