Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող Վաքըֆլըյում, Սբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ պատարագ է մատուցվել: Այն մատուցել է Պոլսո հայ պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:
Պատարագին մասնակցել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության » (ԺՀԿ CHP) պատգամավոր հայազգի Սելինա Դողանը և քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ – HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Պատրիարքի փոխանորդն օրհնել է եկեղեցում բոլոր ներկա գտնվողներին: Պատարագից հետո եկեղեցու բակում պատրաստվել և այցելուներին է բաժանվել ավանդական հայկական հարիսա, գրում է Ermenihaber.am-ը:
«Խորհրդարանում իմ առաջին քայլը կլինի ապահովել ատելության վրա հիմնված հանցանքների հետ կապված օրինագծի՝ հնարավորինս արագ կյանքի կոչումն ու կիրառումը: Մենք բոլորս հասարակական համերաշխության, եղբայրության և դրական երկխոսության կարիք ունենք, ինչի համար համապատասխան օրինական հիմք է պետք», – ասել է Սելինա Դողանը՝ հավելելով, որ օրեսդիր մարմնի աշխատանքները սկսելուն պես ինքը կսկսի աշխատել այդ ուղղությամբ:
Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը` Asimder-ը, շարունակում է Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագի խափանմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հայտարարություն անելով, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ հայերին Սբ Խաչ եկեղեցում անցկացնել ամենամյա պատարագը:Նա աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններին կոչ է արել միանալ իրենց և խոչընդոտել պատարագը:





