AM
18 Հոկտեմբեր 2006 - 09:13 AMT

Այցով Երեւանում է գտնվում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը

Հոկտեմբերի 17-19-ը Հայաստանում կլինի ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ պետական այրերի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, քաղաքացիական հասարակության առաջնորդների ու մամուլի ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների ընթացքում դեսպան Ֆինլին քննության կառնի ԵԱՀԿ խարտիայի հելսինկյան վերջնական ակտից բխող մի շարք հարցեր: Անդրադարձ կլինի Հայաստանում քաղաքացիներին առավել շատ իրավունքներ ու ազատություններ ընձեռելու կարեւորությանը այնպիսի քայլերի միջոցով, որոնք ներառում են ազատ ու անկախ մամուլի ապահովումը, բաց եւ ներկայացուցչական քաղաքական համակարգի խթանումը ու պայքարն ընդդեմ մարդկանց թրաֆիկինգի: Դեսպան Ֆինլին կայցելի Ղալթախչի, որտեղ ԵԱՀԿ կողմից իրականացվում է մելանժ հեղուկի վնասազերծման ծրագիր: Այս ծրագրի շրջանակում սառը պատերազմի դարաշրջանից մնացած հրթիռային վառելիքի պաշարները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար, վերամշակվում եւ վերածվում են անվնաս պարարտանյութի: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ այս ծրագրի հիմնական հովանավորը: Դեսպան Ֆինլին նաեւ կընդգծի, որ միջազգային հանրությունն ակնկալում է, որ 2007թ. խորհրդարանական ու 2008թ. նախագահական ընտրությունները կլինեն ազատ ու արդարացի թե Հայասատնի ընտրազանգվածի, թե միջազգային դիտորդների ընկալմամբ: