AM
18 Հոկտեմբեր 2006 - 09:30 AMT

Ցեղասպանություն. Ժողովրդավարների հաղթանակը ԱՄ&#220

Թուրքիայի համար, որը հիասթափված է ֆրանսիական խորհրդարանի որոշումից, նույն հարցի առնչությամբ եւս մեկ լուրջ գլխացավանք կարող է դառնալ Ժողովրդավարների հաղթանակը ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում: ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբն ու նրա կողմնակիցները կարող են նպատակ դնել Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից այս կամ այն միջոցով: Ինչպես գրում է «Turkish Daily News»-ը, քվեարկությունը Ֆրանսիայում հաղթանակ հանդիսացավ հայերի համար, սակայն գլխավոր մրցանակը դա երկիրն է, «որը շատ կարեւոր է նրանց համար»: Թերթի տեսաբանը հիշեցնում է, որ Ջորջ Բուշի վարչակազմը, ինչպես նաեւ նախորդ նախագահի վարչակազմը հետեւողականորեն հրաժարվել են «ցեղասպանություն» բառի կիրառումից պաշտոնական հայտարարություններում, փորձելով խուսափել Թուրքիայի ճնշումից: «Սակայն Կոնգրեսը միշտ եղել է Թուրքիայի թույլ կողմը: Հանրապետական կուսակցությունը, որը միշտ մեծամասնություն է կազմել Սենատում եւ Ներկայացուցիչների Պալատում, քաոս է ապրում, ինչը կարող է հանգեցնել նրան, որ այս անգամ 1994 թվականից առաջին անգամ մեծամասնություն կկազմեն ժողովրդավարները: Ժողովրդավարական տրիումֆը Սենատում կարող է շատ խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար` Հայոց ցեղասպանության ճանաչումը խոչընդոտելու նրա ճիգերում: Ժողովրդավարների հաղթանակի դեպքում, հայամետ օրենսդիրները կաշխատեն արագացնել Ցեղասպանության ճանաչումը նախքան նոր Կոնգրեսը կսկսի իր աշխատանքը 2007 թվականի հունվարին»,-գրում է պարբերականը: Միեւնույն ժամանակ հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ հայերը մեղադրում են հանրապետական Բուշին նրանում, որ նա խախտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը եւ սատարեցին ժողովրդավար Ջոն Քերրիի թեկնածությանը, որը Սենատում հայկական հարցի հավատարիմ կողմնակիցն էր 2004 թվականի ընտրությունների ժամանակ: