AM
23 Հոկտեմբեր 2006 - 11:27 AMT

ՌԴ Պետդումայի պատգամավոր. Թուրքիան պարզապես պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը գտնվում է Թուրքիայի կոմղից դրա ճանաչման մեջ: Այդպիսի հայտարարությամբ երկուշաբթի օրը Երեւանում հանդես է եկել Մարդկային արժանապատվության եւ անվտանգության միջազգային լիգայի նախագահ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր, բանակի գեներալ Վալենտին Վարեննիկովը: «Ես լիովին համաձայն եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հայտարարության հետ` արված Թուրքիա կատարած նրա այցի ժամանակ»,- հայտարարել է նա: Վ. Վարեննիկովի խոսքերով, Թուրքիան պարզապես պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ, նրա կարծիքով, «այս հարցում չի կարող այլ դիրքորոշում լինել», հայտնում է «Նովոստի-Առմենիան»:

Հիշեցնենք, որ հունիսի 20-27 Ստամբուլում այցով գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին II-ը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության փաստը պետք է ճանաչվի նաեւ Թուրքիայի կողմից` նշելով Օսմանյան Թուրքիայում կայացած Ցեղասպանության ուսումնասիրության համար պատմաբանների հանձնախմբի ստեղծման ավելորդությունը: