AM
26 Հոկտեմբեր 2006 - 09:38 AMT

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ՀՀ նախագահի հոկտեմբերի 25-ի հրամանագրով, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար դեսպան Կյունին պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Իր հերթին Անրի Կյունին երախտիք է հայտնել նման բարձր պատվի արժանանալու համար եւ հավատացրել, որ այն իր համար շատ թանկ է: Նա բարձր է գնահատել Հայաստանի ջերմ վերաբերմունքը դեպի Ֆրանսիան` իրեն շնորհված պարգեւը դիտելով հայ-ֆրանսիական բարեկամության առհավատչյա: Անրի Կյունին մեր երկրին մաղթել է բարգավաճում, Հայաստանի ժողովրդին` բարեկեցություն, իսկ նախագահին` հաջողություններ աշխատանքում: