AM
27 Հոկտեմբեր 2006 - 09:52 AMT

Ա.Կյունի. Փակ սահմանը անհարիր կեցվածք է Եվրոպա ձգտող երկրի համար

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը հանրապետությունում: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում, խոսելով հայ-ֆրանսիական օրեցօր խորացող հարաբերությունների մասին, նախարարն ասաց, որ դրանց վառ վկայությունը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցն էր Հայաստան, որը մեծ իրադարձություն էր երկրի կյանքում: Անրի Կյունին, իր հերթին, հայտնեց, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի ջերմ վերաբերմունքը իր երկրի նկատմամբ եւ հավելեց. «Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ հայ ժողովրդի եւ նրա մշակույթի նկատմամբ: Վերադառնում եմ ինձ հետ տանելով Հայաստանին վերաբերող հարուստ գրադարան: Համոզված եմ, որ իմ հաջորդ այցի ժամանակ հաստատված կլինի խաղաղություն եւ սահմանները բաց կլինեն: Փակ սահմանը` անախրոնիզմ է, անհարիր կեցվածք եվրոպական ընտանիքին միանալու հայտ ներկայացրած երկրի համար»,-ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը: Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության, մասնավորապես, ռազմական ոլորտում համագործակցություն ծավալելու համար, դեսպանին մաղթեց հաջողություններ հետագա աշխատանքում: