AM
20 Հոկտեմբեր 2015 - 08:39 AMT

Նոյեմբերյանի բուժկենտրոնին սարքավորումներ և շտապօգնության մեքենաներ կնվիրաբերվեն

«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մոտ չորս տասնյակ մասնագետները շարունակում են իրենց հմտություններով կիսվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ` միաժամանակ տրամադրելով սահմանամերձ համայնքների բնակչությանը մասնագիտական խորհրդատվություն և բժշկական օգնություն:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խմբի հինգօրյա այցը կենտրոնացած է մասնավորապես Նոյեմբերյանում: Նրանք և «Հայաստան» համահայկական հիմնադրամը այս բժշկական կենտրոնին նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:

Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ բժիշկներ: Մասնագետները իրականացնում են լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր և վիրահատություններ:

ՀՀ առողջապահության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունը առաջին իսկ օրից տավուշցիներին անտարբեր չի թողել:

ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների խումբը Երևանից մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Մասնագետները Իջևանի բժշկական կենտրոնում մոտ 100 բնակչին արդեն ցուցաբերել է բժշկական խորհրդատվություն: Խումբն այցելել է նաև վերջին օրերին գնդակոծության ենթարկված գյուղեր: