Չորեքշաբթի ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ պարոն Բրայան Ֆոլի գլխավորած պատվիրակությանը, PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քենթորը: Ողջունելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու մեր պետության որդեգրած քաղաքականությունը, Բրայան Ֆոլը նախարարին հայտնեց Միացյալ Թագավորության պատրաստակամությունը ԼՂՀ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցելու վերաբերյալ: Փաստելով հրադադարի ռեժիմի պահպանման գործում փոխադարձ հանդիպումների օգտակարությունը` կողմերն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւան-Ղազախ հատվածում վերջերս կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Անդրադառնալով Երեւանում «Ուիլթոն պարկ» կազմակերպության կողմից խորհրդաժողովի անցկացման թեմային` Բ.Ֆոլն ընդգծել է, որ Հարավային Կովկասում նման տիպի առաջին խորհրդաժողովն անց է կացվում Հայաստանում: Խոսելով հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկա փուլի մասին, կողմերը կարեւորել են հայ զինծառայողներին անգլերենի ուսուցման ծրագրերի շարունակությունը:





