AM
9 Նոյեմբեր 2006 - 14:52 AMT

Թոմաս Ադամս. ԱՄՆ կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդարավարության զարգացման հարցում

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, Եվրոպային եւ Եվրասիային ցուցաբերվող ԱՄՆ աջակցության գրասենյակի համակարգող Թոմաս Ադամսին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր` անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի գործունեությանը, առաջիկա ծրագրերին: Այս համատեքստում հատուկ ուշադրության արժանացան Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի եւ Հայաստանի համատեղ իրագործելիք ծրագրերն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարումը: Թոմաս Ադամսը հավաստիացրեց, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարության խորացման գործընթացում` կարեւորելով առաջիկա ընտրություների ազատ եւ արդար անցկացումը: Զրուցակիցները նաեւ անդրադարձան տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին` հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը նշանակալի առաջընթաց կգրանցի գործընթացում: