AM
23 Հոկտեմբեր 2015 - 11:00 AMT

«Գազպրոմ Արմենիա»-ն մինչև 2017-ը կփոխի գազի հաշվիչները

Գազի հաշվիչները մինչև 2017-ը պետք է փոխվեն «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվին: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀԾԿՀ-ի 2016-ի գործունեության ծրագրի քննարկումների ժամանակ:

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, Նազարյանը ասել է, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է:

«Եթե այս իրավիճակը պահպանվի, որն այսօր ունենք, կարծում եմ՝ կխուսափենք գնի բարձրացումից», – ասել է նա, գրում է Tert.am-ը:

ՀԾԿՀ-ն 2013-ի N 176-Ն որոշմամբ հաստատել է «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն))» պայմանագրի նոր օրինակելի ձևը, որն ուժի մեջ է մտել 2013-ի հուլիսի 7-ից և այդ պահից բաժանորդ-կազմակերպությունների գազահաշվիչների նորոգման և ստուգաչափման աշխատանքների ծախսերը ներառվել են բնական գազի մատակարարման սակագնի հաշվարկներում: Սակագնի հաշվարկներում ներառվել են գազահաշվիչների պետստուգաչափման և նորոգման համար՝ 623.47 մլն դրամ (ընդհանուր ծախսերի 3 %): Ընդ որում՝ 491.94 մլն դրամ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (նախկին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հաշվեկշռում գտվող գազահաշվիչների համար, 111.22 մլն դրամ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում չգտվող գազահաշվիչների համար և այլն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հանձնաժողովին տեղեկացրել են, որ հաշվիչ սարքերի վերանորոգում և ստուգաչափում իրականացնում են «ՀայԿազմգազ» ՓԲԸ, «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ և «Գազ Սուզան Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ները: «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ի 100 % փայաբաժնի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է:

Անդրադառնալով ՀԷՑ-ում ուսումնասիրություններ անցկացնող խորհրդատվական ընկերությանը՝ Նազարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում խորհրդատվական ընկերությունը կավարտի ՀԷՑ-ում աուդիտի երկրորդ փուլը և եզրակացությունը կհրապարակվի հաջորդ շաբաթվա վերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում:

Սեպտեմբերի 30-ին «Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունն ավարտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը։

Ըստ դրա՝ ՀԷՑ-ում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ամբողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, խորհրդատվական ընկերության տեսանկյունից համարվում է հիմնավորված:

Նազարյանը հայտնել է նաև, որ չի հանդիպել ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ և վերջինիս հետ չի քննարկել ՀԷՑ-ին վերաբերող հարցեր, գրում է Panorama.am-ը:

«Գիտեմ, որ հակաճգնաժամային, ՀԷՑ-ի առողջացման ծրագիր են մշակել, որոնց մանրամասներին ես դեռևս տեղյակ չեմ: Կարծում եմ, մենք բոլորս այդ մասին կտեղեկացվենք», – նկատել է նա:

Նազարյանի խոսքով՝ 2016-ին էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է: Նրա կարծիքով՝ դրանից խուսափել կհաջողվի:

Մասնակցելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Նազարյանը հայտարարել է, որ 1015-ին, բարեբախտաբար, սակավաջուր չի եղել:

Ինչ վերաբերում է Էլցանցերի առողջացման վերաբերյալ առաջարկներին, ապա Նազարյանն ասել է, որ դրանք ՀԾԿՀ-ին դեռ չեն ներկայացրել:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի նոր տնօրեն Կարեն Հարությունյանին, ապա ՀԾԿՀ-ի նախագահը նկատել է, որ խամանակ է պետք նրա աշխատանքներին ծանոթանալու համար:

«Մի վեց ամիս չաշխատի՞, որ համեմատելու բան լինի: Նոր տնօրենը այլ պաշտոնում է աշխատել, մարդիկ կարող են այլ պաշտոնում շատ լավ աշխատել, մյուսում՝ վատ, և հակառակը», – նշել է Նազարյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Կարեն Հարությունյանը:

2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։

«Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասել է «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի ձեռքբերման կապակցությամբ:

Նրա խոսքով՝ պայքարելու են կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ ու ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ, կրճատելու են ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: