AM
11 Նոյեմբեր 2015 - 07:57 AMT

Դիարբեքիրում 1 ոստիկան և 6 բնակիչ է սպանվել. Բախումները շարունակվում են

Դիրաբեքիրի Սիլվան շրջանում, որի 3 թաղամասում արդեն 8-րդ օրն է պարետային ժամ է հայտարարված, թուրք ուժայինները շարունակում են գործողություններ իրականացնել: Երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ իրականացված գործողությունների ընթացքում ավերվում են թաղամասերի բնակելի տներն ու զոհվում խաղաղ բնակիչներ:

Գործողությունների ընթացքում տեղի ունեցող բախումներում սպանվել է մեկ ոստիկան ու ևս 6 քաղաքացի. չի հստակեցվում վերջինների` խաղաղ բնակիչ լինել կամ չլինելու հանգամանքը, Milliyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում դեռևս ինքնությունները չպարզված անձինք հոկտեմբերի 1-ին զինված հարձակում են գործել թուրքական բանակի երկու զինծառայողի (1 ենթասպա, 1 սերժանտ) վրա, որի հետևանքով վերջիններս սպանվել են:

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կոչվող վարչական շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախումների ժամանակ զոհերից և վիրավորներից բացի մեծապես վնաս է հասցվել նաև քաղաքի պատմական հուշարձաններին:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: