AM
13 Նոյեմբեր 2015 - 09:49 AMT

«Transparency International». Ընտրացուցակներում կան արտագաղթածներ

«Transparency International» հակակոռուպցիոն կազմակերպության գործարկած հատուկ ծրագրի տվյալներով՝ ՀՀ ընտրական ցուցակներում կան մինչև 2003-ը արտագաղթածներ, որոնց անունները կան և եղել են վերջին երեք համապետական ընտրություններում: Այս մասին «Սպասվող հանրաքվե. ընտրացուցակներում առկա տվյալների ուսումնասիրություն» թեմայով քննարկմանը հայտարարել է «Transparency International»-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Կազմակերպությունն երեք համապետական ընտրության ընթացքում գործարկել է էլեկտրոնային մոնիթորինգի ծրագիր և այս անգամ էլ հանրաքվեին ընդառաջ` կրկին գործարկում է այն, գրում է Tert.am-ը:

«Ամեն անգամ 1995–ից սկսած կան կասկածների ընտրացուցակների հետ կապված, որոնք հիմնվում են տարբեր ենթադրությունների վրա, և եթե խախտումներն առաջ կատարվում էին լցոնումների ձևով, մտնելով տեղամասեր, ապա հիմա ավելի շատ «մեղմ խախտումների» (soft violations) ձևով, ավելի քողարկված` հիմնականում ընտրացուցակների հետ կապված: Ես կասեի` դա ուռճացումն է», – ասել է Հոկտանյանը:

Մեթոդի էությունն այն է, որ Ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից ընտրողների ցուցակները ներբեռնելով` կատարվում են որոշակի հաշվարկներ և դիտարկվում է, թե ինչ հարաբերակցություններ կան մշտական բնակչություն և ընտրողներ խմբերում:

Ունենալով այդ թվերը, ըստ Հոկտանյանի, կարելի է տեսնել շատ կասկածելի արագ քվեարկությունները և անճշտությունները։

ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: