Նոյեմբերի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման Շվեյցարիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ժնևի քաղաքային խորհրդի բարձր հովանու ներքո Ժնևի Կոնսերվատորիայի մեծ սրահում տեղի է ունեցել ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը:
Շվեյցարահայ հայտնի դիրիժոր Լյուկ Բաղդասարյանի գլխավորած «Ժնևի Սիմֆոնիկ վարիացիաներ» նվագախմբի կատարմամբ ներկայացվել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Գուգեն Ալեմշահի ստեղծագործությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ժնևի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Սամի Կանաանը, որն ընդգծել է 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի` Հայոց ցեղասպանության լիարժեք և ամբողջական ճանաչման, դատապարտման, ինչպես նաև հիշողության տուրքի անհրաժեշտությունը: Նա դատապարտել է Հայոց ցեղասպանության ժխտման փորձերը, «որոնք խոչընդոտում են ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ ապագային»:
Սամի Կանաանը հույս է հայտնել նաև, որ հաջորդ տարվա ընթացքում արդեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշողության լապտերներ» հուշակոթողն իր արժանի տեղը կգտնի Ժնևում:
«Ցեղասպանությունը մեկ ժողովրդի դեմ իրագործված ոճիր չէ, այն ծանրագույն հանցագործություն է ողջ մարդկության դեմ, մարդկության համընդհանուր պարտությունը: Եվ միայն հիշողության համընդհանուր տուրքն է, որ ի զորու է մեղմել արնածոր վերքի ցավը: Հիշողությունը, ճանաչումը, դատապարտումն այդ սոսկալի ոճրի կանխարգելման միակ երաշխիքն են: 1939 թվականին Հիտլերի խոսքերը «Ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին» ևս ցույց են տալիս այն անմիջական կապը, որ առկա է ժխտման, անպատժելիության և ոճրի կրկնման միջև»,- ասել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը:
Դեսպանորդ նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն առիթ է նաև վերստին հիշելու և երախտագիտություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի կողքին են եղել իր պատմության այդ դժնի օրերին: Նա երախտիքի խոսքեր է ուղղել շվեյցարացի ժողովրդին՝ ի համերաշխություն հայ ժողովրդի Շվեյցարական Համադաշնության ամբողջ տարածքում սկիզբ առած լայնածավալ շարժման համար: Հազարավոր հայերի կյանքն ու արժանապատվությունը փրկելուց զատ շվեյցարացի նվիրյալներն օգնեցին մեր ժողովրդին վերագտնելու մարդկության հանդեպ սասանված հավատը, հայրենիքի ապագայի և վերածննդի կորսված հույսը և դարձան հայ-շվեյցարական բարեկամության իրական դերակատարներ և խորհրդանիշներ, ասել է նա:
Ոգեկոչման միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ շվեյցարացիներ:
Շվեյցարիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003-ին:





