AM
1 Դեկտեմբեր 2006 - 10:11 AMT

Ֆինլանդիայի վարչապետը կփորձի համոզել Թուրքիային կատարել իր պարտավորութունները

Եվրամիությունում նախագահող Ֆինլանդիայի վարչապետ Մատի Վանխանենը ուրբաթ օրը կայցելի Թուրքիա, հայտնել են Ֆինլանդիայի Պետական խորհրդի մամլո ծառայությունում: Անկարայում Վանխանենը կհանդիպի իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի խնդիրները` կապված Թուրքիայի ԵՄ ընդգրկվելու բանակցային գործընթացի հետ: «Ֆինլանդիան` որպես ԵՄ նախագահ երկիր, վերջին ամսիներին ակտիվորեն բանակցություններ էր վարում այնպիսի որոշում գտնելու համար, որի շնորհիվ Թուրքիայի հետ բանակցությունները կարելի կլիներ շարունակել` առանց ընդհատելու: Երկուշաբթի օրը, սակայն, ստիպված էինք արձանագրել, որ ներկա պայմաններում անհնարին է համաձայնության գալ»,- հայտարարել է Վանխանենը այցի նախաշեմին:

«Թուրքիան պետք է կատարի Մաքսային միության մասին հավելյալ արձանագրության պայմանները: Մինչեւ հիմա Թուրքիան չի կատարել իր պարտավորությունները: ԵՄ ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպմանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում որոշում կընդունվի այն մասին` ինչպես դա կազդի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ որոշման վրա»,- ընդգծել է Ֆինլանդիայի վարչապետը:

Վանխանենը նաեւ ընդգծել է, որ դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ընդունվելիք որոշման մեջ մի կողմից պետք է պահանջ լինի թեկնածու երկրի կողմի բոլոր պարտավորությունների կատարման վերաբերյալ, իսկ մյուս կողմից` բանակցությունների վերսկսման հնարավորություն անմիջապես այն բանից հետո, երբ պարտավորությունները կատարվեն: Նրա կարծիքով, չորեքշաբթի լույս տեսած Եվրահանձնաժողովի առաջարկները ամուր հիմք են տալիս Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկման համար:

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի առաջարկել է մասամբ սառեցնել Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի հարցով բանակցությունները` վերջինիս կողմից Կիպրոսի Հանրապետության համար ծովային եւ օդային ուղիները բացելու հարցում հրաժարվելու պատճառով: Անկարայի հետ անցյալ տարվա հոկտեմբերին սկսված բանակցություններն առաջարկվում է սառեցնել 8 կետերի հիան վրա: ԵՄ բանակցությունները Թուրքիայի հետ տարվում են 35 տեխնիկական կետերի շուրջ:

«Այսօր մենք հաստատում ենք Թուրքիայի հետ բանակցությունների շարունակության պատրաստկամությունը, սակայն այդ բանակցությունների տեմպի դանդաղեցմամբ»,- չորեքշաբթի Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ ընդլայնամ հարցով եվրահանձնակատար Օլի Րենը: Նրա խոսքերով, Եվրահանձնաժողովը ԵՄ Նախարարների խորհրդին առաջարկել է ընդունել այդ քաղաքական գիծը Թուրքիայի հարցում մինչեւ Անկարան չվերացնի Կիպրոսի Հանրապետությունից Թուրքիայի տարածք ապրանքների ազատ մուտքի սահմանափակումները: «Եթե խորհուրդը պաշտպանի Եվրահանձնաժողովի առաջարկները, դրանք ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչեւ Եվրահանձնաժողովը չհաստատի, որ Թուրքիան կատարել է իր պարտավորությունները»,- ասել է Րենը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: