AM
8 Դեկտեմբեր 2015 - 09:58 AMT

Պարզաբանում. Ընտրացուցակում ընդգրկված Ավետիսյանների անունների մասին լուրն ապատեղեկատվություն է

«Հրապարակ» օրաթերթի 2015-ի դեկտեմբերի 8-ի համարում հրապարակված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են: Դեկտեմբերի 6-ին քվեարկության գնալիս նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան 2015-ի հունվարին սպանված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված:

Ըստ հրապարակման, զանգահարողը հայտարարել է, որ նման սրբապղծություն Գյումրին երբևէ չի տեսել և կոչ է արել գոնե անմեղ զոհերին խնայել:

ՀՀ ոստիկանությունը դրա վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում նշվում է, թե ոստիկանությունը բազմիցս հորդորել է տեղեկատվություն տարածելիս հղում անել միայն փաստերին, և հետևյալ փաստերն է ներկայացրել.

1.Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը (ծված՝ 16.02.1990) Գյումրի քաղաքի Մյասնիկյան փ. 188 տան հասցեի հաշվառումից հանվել է 19.02.2015-ին՝ մահվան կապակցությամբ

2.Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 11.12.1981) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015-ին՝ մահվան կապակցությամբ

3.Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ծված՝ 22.05.1959) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015-ին՝ մահվան կապակցությամբ

4.Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 01.11.1979) հաշվառված է եղել ք.Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015-ին

5.Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ծված՝ 17.12.1961թ.) հաշվառված է եղել ք. Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015-ին

Նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, վերը նշված անձանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում:

«Մենք զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները պարզաբանում կամ հերքում ենք առանց գնահատականներ տալու, բայց այս հրապարակման հարուցած զայրույթն ու զզվանքը պարզապես անհնար է զսպել: Ավետիսյանների զոհված ընտանիքի չափահաս անդամների անունների իբր ընտրացուցակներում հայտնվելու մասին խմբագրություն «ահազանգած» անձը պարզապես կարող էր ստել, ինչը ստորություն ու սրբապղծություն է, բայց առավել սրբապղծություն չէ՞, երբ պատասխանատու լրատվամիջոցը տիրաժավորում է սուտը; Ի՞նչ է նշանակում «քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկատվությունը ճշտելու»: Քվեարկության ցուցակներով չէիք կարող, գոնե փորձեիք ընտրացուցակներով ճշտել (ի դեպ, քվեարկության ցուցակները նույն ընտրական ցուցակներն են, պարզապես՝ ընտրողների կողմից լրացված): », – ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Ոստիկանությունը վերջին ամիսներին պարբերաբար հրապարակել է ընտրացուցակների (ներբեռնման հնարավորությամբ) կայքերի հասցեները, որոնք հայտնի են նաև նախորդ ընտրություններից, քաղաքացիներին խնդրում են ստուգել ցուցակների ճշտությունը, ահազանգել թերությունների մասին, օգնել դրանց վերացմանը:

«Եվ «Հրապարակի» ցանկացած տառաճանաչ աշխատակից էլ կարող էր մուտքագրել անունները ու ստուգել՝ կա՞ն, թե չկան: Եթե սա անելը բարդ էր, կարող էին զանգել ոստիկանություն»: Ըստ ոստիկանության՝ « անմեղ արյան ու համաժողովրդական ցավի շահարկումն է ապատեղեկատվության հիմքում»:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար:

ՀՀ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ընտրացուցակներում Ավետիսյանների ընտանիքի անդամների անունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար։