AM
9 Դեկտեմբեր 2015 - 08:54 AMT

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Թուրքիային անհապաղ հետաքննել քուրդ փաստաբանի սպանությունը

Հայ դատի հանձնախմբի Կանադայի մասնաճյուղը (ANCC) դիմել է Թուրքիայի կառավարությանը` կոչ անելով անհապաղ թափանցիկ ու արդար հետաքննություն սկսել քրդամետ հայտնի իրավապաշտպան Թահիր Էլչիի սպանության գործով:

Ինչպես նշում է Asbarez-ը, չնայած որ Էլչիի` զինված անձանց և ոստիկանության միջև տեղի ունեցած փողոցային փոխհրաձգության հետևանքով սպանությունից անցել է արդեն 2 շաբաթ, այնուհանդերձ՝ Թուրքիայի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել սպանության գործով հետաքննություն սկսելու ուղղությամբ, գրում է Tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նույնպիսի կոչով են հանդես եկել նաև քուրդ քաղաքական գործիչներն ու հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները:

Նոյեմբերի 28-ին Թուրքիայում Դիարբեքիր քաղաքում օրը ցերեկով արձակված կրակոցներից մահացել է հայտնի քրդամետ իրավապաշտպան Թահիր Էլչին:շ

Կարդացեք նաև` Թուրքիայի հայ պատգամավորը քուրդ փաստաբանի սպանությունը նմանեցրել է Դինքի դեպքին

Իրավապաշտպանին սպանել են հենց այն պահին, երբ վերջինս հարցազրույց տալու համար լրագրողներին մոտենալիս է եղել: Արձակված կրակոցներից իրավապաշտպանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Էլչին հայտնի էր, որպես Թուրքիայի նախագահի գործունեությունը քննադատող իրավապաշտպան: Վերջինս նաև ավելի վաղ ձերբակալվել էր այն բանի համար, որ հայտարարել էր, թե Քրդական բանվորական կուսակցությունը ահաբեկչական կառույց չէ: Այդ խոսքերի համար նրան 1.5-ից 7.5 տարի ազատազրկում էր սպառնում: Թուրքիայում թեժ քննարկումների առիթ դարձած այդ հայտարարությունից հետո Էլչիի նկատմամբ գործ էր հարուցել Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանային դատախազությունը և ձերբակալման որոշում կայացնելու պահանջով դիմել նույն շրջանի դատարանին:

Սպանությունից օրեր առաջ Էլչին ձերբակալվել էր, այնուհետև երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալուց հետո բաց թողնվել:

«Թահիր Էլչիի սպանության դեպքը չպետք է արժանանա նույնպիսի ճակատագրի, ինչպես որ Հրանտ Դինքի սպանությունը: Պետք է լիարժեք հետաքննություն անցկացվի, և մեղավորները պետք է պատժվեն: Թուրքիան պարտավոր է հարգել օրենքի գերակայությունը»,-ասել է Հայ դատի հանձնախմբի Կանադայի մասնաճյուղի ղեկավար Ժիրայր Բասմաջյանը:

Բասմաջյանը նշել է նաև, որ լրագրող Դինքի սպանությունից արդեն 8 տարի է անցել, սակայն դեռևս չի պարզվել, թե ովքեր են տեղի ունեցածի իրական պատասխանատուները: