Դեկտեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե + Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2014-2015թ. գնահատման զեկույցը:
Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը և տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Փոխնախարար Հովակիմյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը 2016թ. ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյի և Աֆղանստանում Հաստատակամ աջակցություն առաքելություններին:
Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանը մասնակցում է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կոմղից իրականացվող գործողությանը: Վերջերս հայ խաղաղապահներ տեղակայվեցին նաև Լիբանանում:
Իր հերթին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը խոսել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, բարեվարքության ամրապնդման ծրագրի իրականացման և Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով նաև նոր ծրագրեր նախաձեռնելու կարևորությունը:
Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց նաև ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դեկտեբերի 6-ից իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կտրուկ սրվել է: Դեկտեմբերի 9-ին հակառակորդն առաջին անգամ տանկի արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:
Այնուհետև ելույթներով հանդես են եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները, ովքեր բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում և իրենց աջակցությունը հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Փոխնախարարները պատասխանել են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակների բազմաթիվ հարցերի:
Նիստից հետո փոխնախարարները հանդիպել են Քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական դեսպան Թերի Ստամատոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:
Այցի շրջանակներում փոխնախարարներ Հովակիմյանը և Տոնոյանը հանդիպել են նաև Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Մարիետ Շուրմանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման շուրջ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2014-2016թթ. շրջանակներում ընթացող երկխոսությանն ուղղված քայլերը:
ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի պաշտպանության պլանավորման ստորաբաժանման նորանշանակ տնօրեն Փոլ Սեվերոյի հետ:





