Դեկտեմբերի 3-ին PanARMENIAN.Net-ը գրել է Հայաստանի հարկայինի, էներգետիկայի, ջրի ու լրտեսական սկանդալի մեջ թաթախված ամերիկյան ընկերության կապի մասին:
Խոսքը գնում է ամերիկյան Booz Allen Hamilton (BAH) մասին, որը 2005-2008-ին գործակցել է ՀՀ հարկային ծառայության հետ՝ ներդնելով համակարգի ծրագրային ապահովման միջուկը:
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակումների արդյունքում կազմակերպության շուրջ հրահրվել է լրտեսական սկանդալ. նրա տվյալներով՝ ընկերությունը կապեր ունի ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ:
Ավելին, Anonymous հաքերային խմբի խորհրդական Բարետ Բրաունը հայտարարում էր, որ Booz Allen Hamilton-ի ծրագրային ապահովման օգտագործմամբ Ադրբեջանում ձերբակալվել են ժողովրդամետ ակտիվիստներ, գրում էր Forbes-ը 2011-ին: BAH-ի մշակած ծրագրի միջոցով նաև ստեղծվում էին սոցցանցերում կեղծ օգտատերերի բանակներ, որոնք օգտագործվում էին աստրոտուրֆինգի՝ կեղծ էջերի միջոցով այդ ակտիվիստներին հայտնաբերելու համար:
Ի պատասխան PanARMENIAN.Net-ի հարցմանը, ՖՖ հինանսների նախարարությունը հաստատեց, որ Booz Alen Hamilton կազմակերպությունը իրականացրել է ԱՄՆ ՄԶ Գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող հարկային բարեփոխումների ծրագիրը: Կազմակերպությունը ընտրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից` համաձայն ԱՄՆ կառավարության սահմանած ընթացակարգերի:
Ըստ նախարարության՝ կազմակերպության աջակցությունը հիմնականում կրել է խորհրդատվական բնույթ: Այն երբևէ չի մասնակցել ՀՀ հարկային ծառայության տեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքներին:
Միաժամանակ, նախարարությունից նշեցին, որ այդ ժամանակաշրջանի «Հարկատու-2» համակարգը այլևս չի գործում:
PanARMENIAN.Net ը թեմայի շուրջ մեկնաբանություններ է ստացել USAID հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդից, USAID հայաստանյան առաքելության էներգետիկայի, ջրային և շրջակա միջավայրի ծրագրերի համակարգող Մարինա Վարդանյանից, Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից և հրապարակել դրանք:
Սակայն մինչ այժմ անպատասխան է մնում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը ուղարկված հարցումը:





