ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել Մադրիդ իրավիճակի վերաբերյալ տեղեկացնելու համար ԵԱՀԿ հերթական գործող նախագահին` Իսպանիայի ԱԳՆ ղեկավարին: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Բրյուսելում կայացած հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Նրա խոսքերով, քննարկումների ժամանակ հնչեց առաջարկ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը, ճիշտ է, դեռեւս որոշված չէ, թե ինչ ձեւաչափով: Է.Մամեդյարովը հաղորդել է, որ գնալով քիչ կետեր են մնում, որոնց շուրջ կողմերը չեն համաձայնեցրել դիրքորոշումները եւ այդ համատեքստում «մենք հասկանում ենք այն պատասխանատվությունը, որ կրում են բանակցությունների մասնակիցը, որը պարտավոր է առաջ ընթանալ ունենալով հեռանկարային նպատակ` տարածքների ազատագրում, փախստականների վերադարձ»: Նա հաղորդեց նաեւ բանակցություններում երկու «հիպոթեզների» առկայության մասին, որոնք միեւնույն ժամանակ «չեն խոչընդոտում բանակցություններին»: «Դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերայլ հանրաքվեի ժամկետն է` հայկական կողմը պնդում է 5 տարվա վրա, իսկ մենք համաձայն ենք հանրաքվե անցկացնել 15 տարի անց: Եվ երկրորդը` Լաչինի շրջանն Ադրբեջանին վերադարձնելու հարցն է»,-պարզաբանել է նա:
Է.Մամեդյարովը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անունից դիմել է Իլհամ Ալիեւին եւ Ռոբերտ Քոչարյանին` կոչ անելով համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքները: «Ես դրական եմ վերաբերվում այդ հայտարարությանը: Բանակցային գործընթացի այս փուլում անհրաժեշտ է հասնել միջազգային հանրության առավել մեծ ուշադրության: Ուշադրությունը, որ կար վերջին երկու տարվա ընթացքում, ակնհայտ է: Առաջին անգամ Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները հստակ ձեւակերպեցին իրենց դիրքորոշումը, որի հիման վրա կարող են կարգավորվել Հարավային Կովկասի եւ Մոլդովայի հակամարտությունները: Այսինքն ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանում են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնիշխանությունը: Եվ դա հստակորեն ձեւակերպում է հակամարտության կարգավորման սահմանները: Ես կարծում եմ, որ, ՆԱՏՕ-ի երկրներից բացի, բանաձեւը, որն ընդունել է Եվրոպայի Խորհուրդը, ինչպես նաեւ Եվրամիության հետ կնքած երկկողմ փաստաթղթերը, գրանցում են գործողությունների նոր ծրագիր»,-ասել է նա:





