AM
12 Հունվար 2016 - 15:54 AMT

Ինչպես հունվարի 1-ին գնալ Արցախ և ամսի 6-ին վերադառնալ՝ ճանապարհին չմոլորվելով ու չսառչելով

Հունվարի 1. Երևանից՝ Ստեփանակերտ

12:30

«Հյուսիս-Հարավ» մայրուղու՝ դեպի Արտաշատ տանող նորաբաց հատվածը ոչնչով չէր տարբերվում չկառուցվածից, քանի որ ճանապարհին համատարած ձյուն էր: 10 րոպեն մեկ մի մեքենա էր անցնում՝ ուզած-չուզած ձյունը մաքրողի դեր կատարելով: Գազալցակայանները դատարկ էին, շուրջ բոլորը՝ սպիտակ, նույնիսկ տեղանքի անվանումը հուշող ցուցանակներն էին ձնապատ, ու մնում էր կռահել՝ թե ուր ես հասել:

15:40

Ճանապարհն ավելի դժվար անցանելի դարձավ, քանի որ մեքենաների «վերջին կանգառը» Վայոց Ձորն էր: Ճանապարհին մի քանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենա ու ամենագնաց հանդիպեց, որոնք կողքովդ արագ անցելով ցույց էին տալիս մեքենաների «հնարավորությունները»:

16:20

Զանգերի հուշահամալիրին մի քանի կիլոմետր էր մնում: Երևան-Թեհրան ավտոբուսը հայտնվել էր ձյան մեջ և չէր կարողանում շարժվել, ինչը ճանապարհին մեքենաների կուտակման պատճառ էր դարձել: Մեքենայից դուրս գալն ու «ձնեմարդ» դառնալը վայրկյաններ էր տևում, իսկ քամով ուղեկցվող ձյունն ասեղների պես մտնում աչքերդ: 15 րոպեից ավտոբուսը շարժվեց, մարդիկ էլ խումբ-խումբ սկսեցին ձյան միջից դուրս բերել խրված մեքենաներն ու բրդել դրանք: Ում մոտ էլ չէր ստացվում, ուղղակի մի կողմ էին քաշում, որ մնացածին չխանգարի: 911-ից ասացին՝ 15 րոպե առաջ ձյունը մաքրող մեքենան արդեն Գորիսում էր և «ուր որ է՝ կհասնի»:

17:00

Անցնելով ճանապարհն անտեսանելի դարձրած մառախուղի միջով, դանդաղ հասանք Գորիսի դարպասների մոտ: Անվերջ տեղացող ձյան պատճառով ոչ մի նշան ու կողմնորոշիչ չկար. Վարորդի խոսքով՝ հիմնականում «անգիր» արած ճանապարհով է գնում:

18:20

Խնձորեսկի մոտի գազալցակայանում մի քանի մեքենա կար, Ստեփանակերտից էին հասել ու ասում էին՝ դիմացի ճանապարհը բաց է, բայց սկսում է սառույցով պատվել, տեղացող ձյունն էլ խանգարում է դիմացդ տեսնել: Հետագա ճանապարհն իրոք ավելի անցանելի էր, և երեկոյան 21:00-ի կողմերը վերջապես հասանք Ստեփանակերտ:

Հունվարի 6. Ստեփանակերտից՝ Երևան

11:30

Լաչինի անցակետի մոտ մեքենաները կանգնացնում էին ու ասում, որ չեն թողնի առաջ գնանք՝ ճանապարհները փակ են ու պարզ չի՝ երբ կբացվեն: Վարորդները դժգոհում էին, շատերը խնդրում թողնել գոնե մինչև Գորիս հասնել, «հենց հիմա ծննդաբերողները», օդանավակայանից ուշացողներն ու մեծ մեքենայով վարորդները փորձում անտեսել ոստիկանների հորդորն ու «ծանոթ գտնել», որ կարողանան առաջ շարժվել:

12:15

Մոտ կես ժամից իրավապահները սկսեցին դանդաղ թույլատրել մեքենաներին առաջանալ, բայց Լաչինում, այնուամենայնիվ, նորից կանգնեցրին ու կրկին սկսեցին հորդորել կանգ առնել, միաժամանակ անվճար հյուրանոց առաջարկելով:

13:00

Գորիսից դուրս գալուն պես տեսանք՝ ճանապարհը կրկին փակել են: Վարորդների խոսակցություններից պարզվեց՝ մարդ է մահացել, բայց «շոֆեռ չէր, ախպեր, չոբան էր»: Ասացին նաև՝ լավագույն դեպքում 4 ժամից ճանապարհը նոր կբացեն, ինչին հետևեցին դժգոհություններն ու ազդանշանների ձայնը:

14:00

Հերթում արդեն ավելի քան 100 մեքենա կար: Հավաքված վարորդների մասը տարատեսակ լուծումներ էր առաջարկում, մյուսն ուղղակի օգնում հանել ձյան մեջ խրված երթուղայիններից մեկը: Ոստիկաններն անդադար կապի մեջ էին 911-ի աշխատակիցների հետ, ասում էին՝ հույս կա, որ շուտով ճանապարհը, այնուամենայնիվ, կբացվի:

14:40

Հանդիպակած կողմից սկսեցին մեքենաներ երևալ՝ նախ, ձյուն մաքրող ու փրկարարների մեքենաներ, ապա՝ ամենագնացներ: Քիչ անց մեր կողմից էլ սկսեցին մեկ-մեկ թողնել, որ առաջանանք, նախապես զգուշացնելով՝ «շատ դանդաղ կգնաք, ճանապարհին ուշադիր կլինեք»:

15:30

Գորիսի դարպասներից մի քանի կմ հեռավորությամբ հանդիպեցինք «օրվա հերոսներին»՝ հենց ճանապարհի վրա մեքենաների մեջ գիշերողներին, ինչի հետևանքով էլ մեքենան սառչել ու կպել էր գետնին: Հասկացանք, որ այն ընթացքում, ինչ կանգնած էինք, ԱԻՆ-ն ու ոստիկանությունը փորձում էին համատեղ ուժերով մի քանի մեքենա «պոկել գետնից» ու տեղաշարժել՝ գոնե մի մեքենայի ճանապարհ բացելու համար:

16:00

Զանգեր կոչվող հատվածի մոտից մառախուղ էր. տեսադաշտը բացվեց միայն, երբ դուրս եկանք Վայոց Ձորից: Այդտեղ արդեն մեքենաներն ավելի շատ էին, ճանապարհներն էլ՝ հիմնականում բաց, չնայած տեղ-տեղ մերկասառույց էր: «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նորակաույց մասն արդեն տեսնում էինք, մի քանի մեքենա նույնիսկ հասցրել էր այն «բարով մաշել»՝ մեծ ավտովթար էր…

Հ.Գ. Երևան հասանք երեկոյան ժամը 21:00-ի կողմերը: