AM
14 Հունվար 2016 - 07:37 AMT

Դպրոցական արձակուրդները կերկարացվեն. Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից

Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում զեկուցել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա տեղեկացրել է, որ ուժեղացվել են սահմանային անցակետերում հսկողությունը, սահմանափակվել է հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը, դասերը հետաձգվել են:

«20000 այց է եղել պոլիկլինիկաներ, որոնցից 7000-ը՝ սուր շնչառական հիվանդություններով: 948 հիվանդ է այս պահին գտնվում հիվանդանոցներում, որոնցից 420-ը՝ թոքաբորբով: Երեխաները կազմում են ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսից ավելին: Այս պահին շնչառական ապարատներին է միացված 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր»,- ասել է Արմեն Մուրադյանը, հայտնում է Tert.am-ը:

«Հաշվի առնելով երեխաների ընդհանուր հիվանդացությունը, առաջարկում ենք ևս մեկ շաբաթով շարունակել դպրոցական արձակուրդները»,- ասել է Արմեն Մուրադյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց կարգավորել այդ հարցը:

Ավելի ուշ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյբության էջում գրել է.

«Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն»:

Նախարարի որոշմամբ՝ դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։

Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին Աշոտյանը առաջարկել է առաջնորդվել նույն աշխատակարգով։

Որոշումը չի տարածվում բուհերի վրա։

Նաժարարը տեղեկացրել է նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։

Ավելի վաղ որոշում էր կայացվել, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի հունվարի 18-ից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել, է, որ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարի միջնորդությունը հիմք ընդունելով: Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ: