ՀՀ կառավարության հունվարի 14-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանում բազմաթիվ ապրանքների գները նվազել են:
Նրա հանձնարարականով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է գնանկման մասին տեղեկատվությունը:
«Տարեվերջին խիստ վերահսկողություն ենք իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում, որի նպատակն էր թույլ չտալ, որպեսզի գերիշխող դիրք զբաղեցնողները գների անհիմն թանկացումներ իրականացնեն: Ուսումնասիրություններն իրականացվել են մոտ 20 ապրանքի գծով, որոնք սոցիալական նշանակություն ունեն և ներմուծվում կամ արտադրվում են գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից»,- ասել է Շաբոյանը` նշելով, որ խոսքը շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին է վերաբերում, նաև՝ հավի մսին, ձվին:
«Մասնավորապես, ալյուրի գները տարվա կտրվածքով նվազել են մինչև 30%ով, ինչը պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրն ու ցորենը ներկրվում է ՌԴ-ից»,- ասել է Շաբոյանը, գրում է Panorama.am-ը:
«Այդ դեպքում եթե ալյուրի գինը 30%-ով նվազել է, ինչո՞ւ հացի գները չեն նվազում»,- հարցրել է վարչապետը:
«Հացի գների անկում ևս արձանագրել ենք»,- պատասխանել է Շաբոյանը, սակայն դա չի գոհացրել վարչապետին.
«Բայց ոչ 30%-ի չափով»- նկատել է Աբրահամյանը:
ՏՄՊՊՀ նախագահ խոսքով՝ հացի արտադրության ոլորտում կան հարյուրավոր ու հազարավոր տնտեսվարողներ, դաշտը մրցակցային է, հակամրցակցային համաձայնություններ չեն կարող այս դաշտում լինել:
«Ես առաջարկում եմ հարյուր հազարների հետ գործ չունենալ, այլ մինչև մեկ տասնյակ խոշորներին ևս մեկ անգամ ուսումնասիրել, հասկանալ` ինչու հավասարաչափ չեն իջեցվել հացի գները»,- հանձնարարել է վարչապետը:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաներով, Հայաստանում բազմաթիվ ապրանքների գներ 2015-ի նոյեմբերին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են:
Մասնավորապես, 9.4%-ով նվազել են բանջարեղենի և կարտոֆիլի գները: Ծաղկակաղամբը էժանացել է 42%-ով, կաղամբը ՝ 11.3, իսկ բողկը` 4%-ով:
Մսամթերքի գները նույնպես նվազել են: Շուկայում 1.2% գնանկում է գրանցվել: Մասնավորապես խոզի, ոչխարի և տավարի մսի գները նվազել են համապատասխանաբար 7.4, 2.1 և 1.3%-ով:





